«Ղեկավար» բառը հաճախ ասոցացվում է իշխող, հրամայող, կարգադրող, խիստ մարդու հետ: Աշխատակիցների համար նա այն մարդն է, ով կարող է զայրանալ անգամ ամենաաննշան սխալի համար: Երբ նա գրասենյակում չէ, կարծես ազատություն է, աշխատակիցները կարող են հումորներ, զվարճալի պատմություններ իրենց թույլ տալ: Նրա ներկայությունը մի տեսակ կաշկանդում է: Ընդունված է ասել, որ ղեկավարի կոշտ պահվածքից է կախված աշխատակիցների արդյունավետ աշխատանքը:

 Ճապոնիայում աշխատակիցների շրջանում տարածված հետաքրքիր մի սովորույթ կա. անընդհատ բարկացող ու վիրավորող ղեկավարին չեն պատասխանում. փոխարենը ընդմիջման ժամին իրենց զայրույթը կարող են թափել հատուկ նախատեսված սենյակում: Առանձնանում են և ասում ղեկավարի հասցեին այն ամենը, ինչ մտածում են կամ թաքցնում նրանից :) Նման կերպ աշխատակիցները լիցքաթափվում են ու շարունակում աշխատել թեթև ու հանգիստ:

Դա` Ճապոնիայում, իսկ Հայաստանում... «Շեֆամեծար» հայերիս համար ղեկավարը հեղինակություն է, անձ, ում խորհուրդներն անգամ աշխատանքից դուրս կարող են ընդունվել: Սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ կամ անգամ պատկերացնել, որ մեզանից որևէ մեկը իր «շեֆի» հասցեին կասեր այն, ինչ մտածում էր այդ պահին, եթե նույնիսկ դրա համար հատուկ նախատեսված առանձնասենյակներ լինել, ինչպես Ճապոնիայում:

Մեր հայտնիներից ոմանք էլ այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և ունեն իրենց  հստակ դիրքորոշումը  ղեկավարի  մասին:

 

 Շուշանիկ Արևշատյան

«Կին կամ տղամարդ ղեկավարների միջև որևէ տարբերություն չկա. կարևորն այն է, որ ղեկավարն օժտված լինի ղեկավարելու ձիրքով»,- վստահ է ռադիո «Վան»-ի տնօրեն  Շուշանիկ  Արևշատյանը: Նրա կարծիքով` որևէ  կազմակերպություն կամ կառույց ղեկավարելու համար կարևոր է կրթությունը: «Վերջին շրջանում հատուկ մասնագիտացում կա` մենեջմենթ, մարքեթինգ  և այլն: Կարծում եմ, որ այս մասնագիտությունները հնարավորություն են տալիս ճիշտ ռազմավարություն մշակել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Բացի կրթությունից` կարևոր է նաև, որ ղեկավարն առաջնորդի հատկանիշներ ունենա, կարողանա առաջ նայել, որպեսզի իր հետևից ողջ թիմին տանի»,- համոզված է հայ ռադիոմագնատը:

Մասնագիտությամբ լրագրող, մենեջմենթի մասնագետ տիկին Արևշատյանն իրեն ավելի շատ ավագ ընկեր է համարում աշխատակիցների համար: Ընկերական ջերմ մթնոլորտը չի ենթադրում, որ անտեսվում են սխալներն ու չարաշահումները: «Ճիշտ է, փոխզիջումների գնում եմ, բայց երբ տեսնում եմ, որ չարաշահում են, անպայման զգուշացնում եմ: Ինքս իմ օրինակով եմ փորձում «սաստել» աշխատակիցներիս. եթե ես չեմ ուշանում, նրանք էլ չպիտի ուշանան, եթե ես չեմ անում մի բան, որը լավ չէ, ապա աշխատակիցներս էլ չպիտի անեն: Ես աշխատում եմ լավ օրինակ ծառայել նրանց»,- ավելացրեց տկն. Արևշատյանը:

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել