«Սասնա Ծռեր» խմբի տղերքին դատելու-չդատելու մասին հանրային բանավեճերը ֆեյսբուքում մարդկանց բաժանել են երեք մասին:
Առաջիններն ասում են, որ տղերքը պետք է պատասխանատվություն կրեն օրենքի տառին համաձայն, քանի որ սա պետություն է, և հանցագործության պատճառները, որքան էլ հագեցած լինեն ազգային, ազգապահպան և հայրենասիրական մոտիվներով, չեն նվազեցնում կատարվածը: Այս խմբի մարդկանց հակադարձվում է հիմնականում այն, որ պետությունն անկախությունից ի վեր խտրականություն է դրսևորել արդարադատության հարցում, և կոնկրետ այս դեպքում օրենքին խստորեն հետևելը կնմանվի վրեժխնդրության:
Երկրորդ խմբի մարդիկ ասում են, որ տղաները չպետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ նրանց գործողությունները ուղղված էին այս իշխանությունների դեմ ու, հետևաբար, արդարացված էին: Այս տեսակետի կողմնացիները պետք է պատասխանեն, թե ինչպես են պատկերացնում հետայսու արդարադատություն մի երկրում, որտեղ ոստիկանական գունդ գրավող և ոստիկանի մահվան պատճառ հանդիսացող մարդիկ որևէ պատասխանատվություն չեն կրում:
Երրորդ խումբը կազմում են նրանք, ովքեր միջանկյալ լուծման կողմնակից են. դատել, բայց ոչ բոլորին, և չկիրառել մեծ պատժաչափեր:
Պետությունն, իրոք, «Սասնա Ծռեր» խմբի տղաների գործողությունները քննելու և համապատասխան պատժաչափեր սահմանելու հարցում իրական փորձության առաջ է կանգնած, քանի որ որևէ տարբերակի ընտրության դեպքում արժանանալու է մյուս երկու խմբերի ներկայացուցիչների քննադատությանը: