Ճիշտ է այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները դրական են, սակայն դա չի նշանակում, թե անելիքներ չկան։ Օրերս կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ այս հարցին է անդրադարձել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշել, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ձեռք բերվածը ամրապնդելու և ռիսկերը չեզոքացնելու համար։
Այն պարագայում, երբ ներքին սպառումը ունի սահմանափակ հնարավորություններ՝ գործադիրը անցնում է արտադրության և արտահանման վրա հիմնված տնտեսական աճի ապահովմանը։ Մի բան, ինչն անշուշտ կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման հիմքը։
Ակնհայտ է, որ միայն արտաքին շուկաներում իրացման հնարավորությունների ընդլայնումը թույլ կտա ավելացնել արտադրության ծավալները։ Վերջինս հաշվի առնելով՝ կառավարությունը փորձում է իրականացնել արտահանման խթանմանն ուղղված քաղաքականություն, ինչն աստիճանաբար տալիս է իր արդյունքը։
Վերը նշված խորհրդակցության ժամանակ ՀՀ գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ այսօր ծայրահեղ կարևորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը և զարգացումը, ինչպես նաև հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը և առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը: