Եթե այս աշխարհիս երեսին մենք միակ երկիրը լինեինք, կարելի էր այս ամենի վրա խնդալ ու անցնել, սակայն մենք ոչ միայն միակը չենք, այլ նաև շրջապատված ենք ոչ այդքան բարեկամ երկրներով ու մեր ցանկացած ձախողում, այսպես թե այնպես, դառնում է նրանց հաջողությունը: Հիմա ավելի լավ չէ՞ր լինի՝ Սերժ Սարգսյանը միայնակ գնար ընտրության ու հայտարարեր, որ «պատերազմող» երկրի համար «շռայլություն» է իսկական ընդդիմություն ունենալը, քան թե ընտրությունների պատրանք ստեղծելու համար այնպիսի թեկնածուների մտցներ ընտրապայքարի մեջ, ովքեր խայտառակեցին ոչ միայն ողջ ընտրական գործընթացը, այլև ամբողջ երկիրը: Դա դեռ հերիք չէ, նրանցից մեկը հայտարարում է, որ Արցախյան պատերազմի ընթացքում իր շնորհին Հայաստանը այնպես է արել, որ բոլոր ադրբեջանական ինքնաթիռներին խփեն: Սա իհարկե կատարյալ սուտ է, որովհետև Հայաստանը Արցախյան պատերազմին չի մասնակցել, որ դեռ ադրբեջանական ինքնաթիռներն էլ խփեր, սակայն այս հայտարարությունը ադրբեջանցիները կարող են վերցնել ու տանել ՄԱԿ ու առիթ դարձնեն Ստեփանակերտ թռչող ցանկացած ինքնաթիռ խփելու համար` հղում անելով մեր նախագահի թեկնածուի ասածների վրա: Ախր հարգելիներս, ձեզնից որևէ մեկը պետական մտածելակերպ չունի, որ հասկանա` հակառակորդներին սևացնելու համար պարտադիր չէ պետական դավաճանության գնալ: Իսկ ավելի մեծ պետական դավաճանություն է, երբ Սերժ Սարգսյանը այս բոլոր հայտարարությունները դարձնում է իր հաղթաթուղթն ու դրանք օգտագործում ներքաղաքական պրոցեսների վրա՝ մոռանալով, որ թշնամին հենց դրան էլ սպասում է: Նույնը կապված մյուս թեկնածուի՝ ՍԴ դիմել-չդիմելու հետ: Սրանով զավեշտի է վերածվում մեր ամբողջ սահմանադրական կարգը ու հիմա ո՞ւմ գնաս, ապացուցես, որ Հայաստանում ընտրություններ են լինում: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը, միայն մի բան գիտեմ, որ երկիր ենք կորցնում, իսկ սրանք դրած մանր, չէ մելկի հարցեր են լուծում...



