Վերջին մի քանի օրերին բոլորիս ուշադրությունը կենտրոցած էր մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այս ընթացքում Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի ընթացիկ տարվա 6 ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ուսումնասիերոլվ դրանք՝ կարող ենք ասել, որ այս երկրի տնտեսության մեջ շարունակվում են մի քանի ամիս տևող բացասական միտումները: Դրանք առավել ցայտուն են ՀՆԱ-ում, նավթային սեկտորում, ներդրումներում, գնաճային ճնշումներում, բյուջեի եկամուտներում և այլն:
Դեռևս 2015 թ.-ից, պայմանավորված նավթի գների անկումով և մանաթի թուլացմամբ, Ադրբեջանի տնտեսությունը սկսեց ակնում գրացել հիմնական ոլորտներում: Իսկ այս տարվա հունվարից արդեն անկումային ցուցանիշները կոծկելը հնարավոր չէր: Այսպիսով, ՀՆԱ-ի անկումը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ադրբեջանական մանաթով արտահայտված կազմել է 3,4%՝ պայմանավորված ինչպես նավթային սեկտորի, այնպես էլ տնտեսության ոչ նավթային սեկտորի անկումով, որն իր հերթին կազմել է 6,1%: Նվազել է նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4,5%-ով: Ադրբեջանը շարունակվում է նաև գտնվել գնաճային ճնշման տակ: Սպառողական գների ինդեքսը կազմել է 110,4%, սակայն իրականում խոսքը գնում է 20-30%, որոշ ապրանքների դեպքերում նույնիսկ մինչև 40% գնաճի մասին:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 30,4%-ով նվազել են ուղղակի ներդրումները, պետական բյուջեի եկամուտները՝ 21,4%-ով, իսկ բյուջեի ծախսերը կրճատվել են՝ 20,5%-ով: Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար-մայիս ամիսների դրությամբ կրճատվել են արտաքին առևտրի ծավալները՝ մոտ 18%-ով, որտեղ արտահանման ծավալները՝ 17,7%-ով, իր հերթին ոչ նավթային ապրանքների արտահանումը նվազել է 32,2%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է՝ 18,3 %-ով: Արտաքին առևտրի պակասուրդը (դեֆիցիտը) 5 ամիսների կտրվածքով կազմել է՝ 281,4 մլն. դոլար: Իսկ հունվար-ապրիլին այն կազմում էր 144,3 մլն. դոլար, այսինքն այս տարվա ընթացքում արտաքին առևտրի պակասուրդը անշեղորեն աճում է: Ներմուծման կրճատումը հուշում է նաև բնակչության եկամուտների նվազման մասին: