28 միլիոն դրամ` Առողջապահության ազգային ինստիտուտին
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունը, որն ուղղված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ծրագրերի իրականացումն ավելի համակարգված և որակյալ դարձնելուն, ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կառուցվածքում ավելացվել է նոր ստորաբաժանում՝ հավաստագրման կենտրոն: Այն բաղկացած է երեք բաժնից՝ ՇՄԶ ծրագրերի գնահատման բաժին, ՇՄԶ հավաստագրերի տրամադրման բաժին և բուժաշխատողների կադրերի ռեգիստր: Կենտրոնն զբաղվելու է ավագ և միջին բուժաշխատողների, ինչպես նաև դեղագործների և դեղագետների որակավորմամբ, ինչը կրելու է շարունակական բնույթ:
Կառավարության առաջիկա օգոստոսի 4-ի նիստում նախատեսվում է ընկերության մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքի ձեռքբերման համար հատկացնել մոտ 28 մլն դրամ: Որոշման ընդունման դեպքում առկա խնդիրների կարգավորումը կունենա հետևյալ բնույթը. կընդլայնվի ընկերության գործունեությունը, մասնավորապես՝ ՇՄԶ ծրագրերը, կապահովվեն հավաստագրման կենտրոնի աշխատանքի ընդլայնման բավարար պայմաններ՝ այլ ծրագրերի հատկացումների նվազեցման հաշվին: Նվազեցումը կատարվելու է ՀՀ 2015թ. պետբյուջեի տվյալ ծրագրերի փաստացի կատարողականի հիման վրա:
Հաջորդ որոշման նախագիծը բխում է ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունից: Միջազգային փորձագետների գնահատմամբ կենտրոնի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում անցնելու, ինչպես նաև ISO 17025 հավաստագրի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է առնվազն 3000-3500 քմ տարածք: Նախագծով առաջարկվում է ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի գույքի կազմից առանձնացնել ընկերության գործունեության համար չօգտագործվող տարածքները և հանձնել ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի սեփականությանը՝ ապահովելով կենտրոնի բնականոն և արդյունավետ գործունեությունը: