Aysor.am-ը գրում է.
Քնեսեթը նոյեմբերին կրկին կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղի ղեկավար Ջորջետտա Ավագյանը:
«Քնեսեթի անդամները առաջիկա երեք ամիսներին արձակուրդի մեջ են լինելու: Իմ տեղեկություններով՝ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո Իսրայելի խորհրդարանը կքննարկի օգոստոսի 1-ին կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը», - ասաց Ջ.Ավագյանը:
Նրա խոսքերով՝ Քնեսեթը անկախ մարմին է և ճիշտ որոշում կկայացնի բանաձևի ընդունման հարցում:
«Վերջին տարիներին տարին մեկ-երկու, նույնիսկ երեք անգամ Քնեսեթում քննարկման է ներկայացվում Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման մասին բանաձևը: Կարող եմ վստահորեն ասել, որ Քնեսեթի անդամների մեծամասնութունը սատարում է այդ բանաձևի ընդունմանը», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ այս տարի Քնեսեթը ամենայն հավանականությամբ վերջիվերջո կընդունի անցյալի այդ անհերքելի փաստը՝ «մի կողմ դնելով որոշ շահեր»:
Իսրայելի խորհրդարանի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը օգոստոսի 1-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին Քնեսեթը այդ նույն բանաձևը ուղարկել էր Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով` հավելյալ քննարկումների համար:



