Քաղհասարակությունը պետք է հասկանա, որ պետականաշինության ճանապարհին ամենամեծ դերը հենց իրենցն է: Մենք, որպես հասարակություն տարիներ շարունակ սխալներ ենք գործել ու այդ սխալները հանգեցրել են նրան, որ այսօր ունենք խնդիրներ, որոնք անընդհատ փակ ցիկլի նման կանգնում են մեր առջև:
Բրեյվիկը, երբ գնաց հանցագործության, սառնասիրտ էր ու գիտակցված էր անում իր քայլերը և գիտակցված է ապրում այս պահին: Նորվեգիայում շատերը գուցե համակրում են և ընդունում են Բրեյվիկի քայլը, բայց չեն արտահայտվում, որովհետև հասկանում են, որ գաղափարը ճիշտ էր, քայլերը՝ ոչ:
Մենք տարիներ շարունակ ԱՍԱԼԱ-ն ներկայացնում ենք, որպես ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներ, բայց այդ ամենը մենք պետք է անենք մեր ներսում ու շատ ցածր, որ դրսում չլսեն, որովհետև Ֆրանսիացին կամ Եվրոպացին չեն կարող ընկալել մեր ասածը: Գուցե մեր համար նրանք ազատագրական պայքարի մարտիկներ են, սակայն լինենք օբյեկտիվ ու խոստովանենք, որ դա ահաբեկչական կառույց էր: Եվրոպացու համար ԱՍԱԼԱ-ն նույն բանն է արել ինչ Նիսի վարորդը, Այստեղ է, որ պետք է հավանություն տանք գաղափարին, բայց ոչ գործողություններին: Այս տողերս սուսերներով կընդունվի, բայց պետք է խոսել այս մասին: Ու սրա մասին խոսելով՝ ես պակաս հայրենասեր չեմ դառնում:
ՊՊԾ գնդի գրավումից հետո, գաղափարին կրկին այո, գործողություններին կրկին ոչ: Ինձ ասում են, որ այլ ելք չկար: Ելեքեր միշտ կան: 2013 թվականին, Րաֆֆին ուներ 37 տոկոս լեգիտիմություն: Ինչո՞ւ գնաց աղոթքի: Նա միանգամից նախագահի աթոռ ուզեց, չստացվեց՝ լավ, բայց նա կարող էր պահանջել նոր խորհրդարանական ընտրություններ: Դրանից հետո նա իր 37 տոկոսը կտեղափոխեր ԱԺ, իսկ դա արդեն փոփոխությունների հիմք կհանդիսանար:
Երբ մենք ուրախանում ենք ոստիկանի մահով: Այստեղ առաջ է գալիս քաղաքացիական ինքնագիտակցության ոչ բարձր մակարդակը: Այստեղ գալիս է հասարակության երկու թևի բաժանվելը, որովհետև մարդու մահը ոչ բոլորի համար է ընդունելի ու եթե հասարակությունը միաբերան ցավա, այլ ոչ թե ասի լավ են արել, մենք կունենանք կոնսենսուս: Երբ ոստիկանին հայհոյում ենք, պետք է չասենք «ոստիկան միացիր», նա չի միանա: Հակառակի մասին էլ ասեմ, երբ ոստիկանը քաղաքացու ոտքերի տակ ռումբ է պայթեցնում ու լրագրող է ծեծում, նա էլ չպետք է սպասի մեղմ վերաբերմունքի քաղաքացու կողմից: Այս ամենը պետք է հասկանանք ու փորձենք ուղղել:
Զարուհի Փոստանջյանը, ով այդ օրերին խոսեց բեմահարթակից, «Ազատություն» ռադիոկայանի եթերից ասում է, որ հանրային վայրերում հայհոյելը քրեորեն պատժելի արարք է, մի կողմ թողնենք, որ այդ պահին տաղավարում էր նաև Լևոն Բարսեղյանը, պետք է հարցնեմ՝ ինչո՞ւ Զարուհին այդ մասին չի բարձրաձայնում հանրահավաքների ժամանակ: Այստեղ էլ սկսվում են խնդիրները՝ վախենում ենք խոսել ու բուժվել:
Հանրահավաքների մասնակցելուց առաջ ինքներս մեզ պետք է հարցեր տանք:
1.Ո՞ւր ենք գնում:
2.Ո՞րն է նպատակը:
3.Ի՞նչ ակնկալիքներ ունենք:
4.Որո՞նք են մեր գործողությունները, որ պետք է նպաստեն ընդանուրի շահին:
Եթե այս հարցերից գոնե մեկին ունենք ոչ հստակ՝ լղոզված պատասխան, ուրեմն մենք անելիք չունենք այդ հանրահավաքին: