ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հունվարին գաղտնի Իրան է ուղարկել տարբեր երկրների արժույթներով կանխիկ փողով ինքնաթիռ, որոնց գումարը համարժեք է եղել մոտ 400 մլն դոլարին: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան և եվրոպական տեղյակ աղբյուրներին:
Ըստ մի շարք աղբյուրների՝ դա կարող է կապված լինել հունվարին Իրանում ԱՄՆ 4 քաղաքացիների ազատ արձակվելու հետ:
Հաղորդվում է, որ վճարումն Իրանին արվել է օտարերկրյա արժույթով, քանի որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դոլարով ցանկացած գործողություն արգելված են:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները այդքան խոշոր գումարի վճարումն ընկալել են որպես փրկագնի վճարում: Միաժամանակ, պարբերականի տեղեկությամբ, ամերիկացի պաշտոնյաները համաձայն չեն այդ պնդմանը և բացառում են այդ գումարը Թեհրանին վճարելու և ձերբակալվածներին ազատ արձակելու միջև ցանկացած կապ:
Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղարկված գումարը եղել է 1,7 մլրդ դոլարի առաջին մասը, որն ԱՄՆ-ը Թեհրանին պետք է վճարի Իրան զենքի մատակարարման մասին 1979 թ. խզված գործարքի մասին վեճի կարգավորման շրջանակներում:
2016 թ. հունվարին Իրանը ազատ է արձակել ԱՄՆ-ից 4 բանտարկյալի՝ լրագրող Ջեյսոն Ռեզայանին, քարոզիչ Սաեդ Աբեդինիին, զինծառայող Ամիր Հեքմաթիին, նաև Նոսրաթոլլա Հոսրաուիին, և հայտնել է Թեհրանում մի քանի ամիս առաջ ձերբակալված ամերիկացի ուսանողի ազատ արձակման մասին: ԱՄՆ-ը ազատ է արձակել 7 իրանցու, որոնցից 6-ը երկքաղաքացի են: ԱՄՆ-ը նաև Ինտերպոլից հետ է կանչել ձերբակալության հայտերը և հանել 14 իրանցիների նկատմամբ մեղադրանքները, որոնց արտահանձնման հայտերը քիչ հավանական էին համարվում:



