Այն, որ Սերժ Սարգսյանը իր կադրային ոչ ճիշտ քաղաքականությամբ երկրում ի վիճակի չի լինելու «Ապահով Հայաստան» կառուցելու, դա ակնհայտ է և չարժի նույնիսկ անդրադառնալ այդ «անիմաստ» թեմային, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ուտոպիալ հաղթանակի դեպքում մեր կարգախոսը կդառնա «Ամեն գնով զերծ մնալ ԱՄՆ-ի կեղտոտ խաղերից»: Այն, որ Սահակաշվիլին Վրաստանում վերածվեց զրոյի, դա տրամաբանական է, քանզի հույսը դնել «օվկիանոսից այն կողմ գտնվող երկրի» վրա մարտավարությունը միշտ դատապարտված է ներսից: Հրապուրվել ակնթարթային հաջողություններով, ինչպես եղավ Սահակաշվիլու պարագայում, անհեռանկարային և վտանգավոր է Հայաստանի վաղվա օրվա համար: Երբ կարդում էի Հովսեփ Խուրշուդյանի «Հաղթելու ենք, էլ կասկած չունեմ, հենց առաջին փուլում» ակնարկատիպ հոդվածը, ինձ մոտ անկախ ինձանից ցանկություն առաջացավ բարձր բացականչելու. «Սպասիր, եղբայր, այդքան մի ուրախացիր` Աստված մի արասցե Րաֆֆին նույնիսկ մոտ լինի հաղթանակին մենք վտանգված ենք լինելու ԱՄՆ-ի կողմից»: Որպեսզի ավելի արտահայտիչ լինի ասելիքս, ձեզ եմ ներկայացնում վերոհիշյալ ակնարկը` «Նոր նայում էի Գյումրուց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ուղիղ հեռարձակումը լայֆսթրիմ ռեժիմով: Լեփ-լեցուն մեծ դահլիճ, ծափեր ու վանկարկումներ, հսկայական լիցք եւ հույս: Դե լավն ա էլի մեր ժողովուրդը, հո զոռո՞վ չի, շատ լավն ա!!! Չի համակերպվում էս վիճակի հետ ու հենց առաջին հնարավորության դեպքում ըմբոստանում ա ու դուրս գալիս պայքարի: Էս անգամ Րաֆֆու հետ ժողովուրդը, մենք բոլորս, իրոք որ հաղթելու ենք, էլ կասկած չունեմ, հենց առաջին փուլում!!!»:
Իհարկե, ես չեմ բացառում, որ Ռուսաստանը ցանկության դեպքում մեր նկատմամբ նույնպես կարող է վարել կեղտոտ խաղերի մարտավարություն, սակայն դա միանշանակ ձեռնտու չէ Ռուսաստանին (այն հարցին, թե ինչ երաշխիքներ, որ ՌԴ-ի համար մենք անփոխարինելի պարտնյոր ենք, բազմիցս խոսվել է): Եկել է ժամանակը, որ մենք ռեալ գնահատական տանք ԱՄՆ-ի դերակատարմանը Հայաստանի կյանքում: Եվ այստեղ, հարգելի ընթերցողներ, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, միայն մեկնաբանելուց առաջ եկեք միասին հիշենք, թե ԱՄՆ-ն ինչ արդյունավետ սկսեց Վրաստանում և ինչ անփառունակ ավարտ ունեցավ այսօր: Հիմնվելով այս ամենի վրա՝ անձամբ ես գալիս եմ այն եզրակացության, որ պետք չէ ընտրել նախապես «պռովալ» կրած նախագիծը:



