Դուռը բացեց Էլիզաբեթի քույրը` Ալլան, ու տեսնելով քրոջ այլայլված դեմքը՝ ապշած քարացավ տեղում: Էլիզաբեթը ամուր գրկեց քրոջը՝ հույս ունենալով, որ գոնե այդ կերպ իրեն մենակ չի զգա այս աշխարհում, այնուհետև քայլերն ուղղեց դեպի հյուրասենյակի պատուհանը ու սկսեց լուռ նայել երկնքին: Այդ պահին նրան թվաց, թե երկնքում տեսնում է Լեոյի թախծոտ աչքերը, որոնք ասում էին.
-Հանգիստ, սիրելի՛ս, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնի:
Մի քանի րոպե անց սենյակ մտավ Ալլան` թեյի գավաթները ձեռքին և տեսնելով քրոջ անմխիթար վիճակը՝ սկսեց լաց լինել, չէ՞ որ Էլիզաբեթը արդեն տասներեք տարի դադարել էր ապրել, նա ոչ ոքի հետ չէր շփվում, ժամերով փակվում էր իր սենյակում ու այնտեղից դուրս չէր գալիս:
Ալլան լուռ մոտեցավ նրան ու խնդրեց, որ հայացքը կտրի երկնքից ու նստի բազմոցին, հետո շատ երկար նայեց Էլիզաբեթին ու ցածր ձայնով ասաց.
-Քույրիկս, ինչո՞ւ ես անընդհատ տանջում թե՛ քեզ, թե՛ մնացածին, հասկացիր վերջապես՝ նա չկա, ու դու վաղուց պետք է նրան մոռացած լինեիր: Դու երջանիկ լինելու համար ամեն ինչ ունես, բառացիորեն ամեն ինչ` քեզ սիրող ծնողներ, քեզ պաշտող ամուսին, իմիջիայլոց նրա կուտակած ունեցվածքը կբավականացնի ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր թոռներին ու ծոռներին, և վերջապես դու ունես Լեոյին, ում համար դու պետք է ապրես, չէ՞ որ նա այնքան շատ է զգում քո մայրական գուրգուրանքի կարիքը:
Կնոջ գլխում այս հսկայածավալ նախադասությունից դաջվեց միայն մի փոքրիկ հատված՝ «դու ունես Լեոյին, ում համար պետք է ապրես», «դու ունես Լեոյին, ում համար պետք է ապրես», «դու ունես Լեոյին, ում համար պետք է ապրես»:
Այդ պահին Էլիզաբեթը անտանելի գլխացավ զգաց: Նա երկու ձեռքով ծածկեց իր դեմքը ու փակելով աչքերը՝ կրկին հիշեց...
Աշուն էր....
Երևանում արդեն ամառը զիջել էր իր դիրքերը, և քաղաքում տարածվել էր աշնանային թախծոտ տրամադրություն:
Էլիզաբեթը անհամբեր սպասում էր, թե երբ է նա գալու, երբ է վերջապես տեսնելու Լեոյին. ու նա հայտնվեց: Մի քանի ամսվա ընթացքում այդ կյանքով լեցուն պատանին այնքան էր նիհարել, որ առանց մեծ ճիգեր գործադրելու անթերի ճշգրտությամբ կարելի էր հաշվել նրա ոսկորները: Նրա գունատ դեմքը, թախծոտ աչքերը խորհրդավոր տխրություն էին սփռում շուրջբոլորը: Մոտենալով աղջկան՝ նա փորձեց ժպտալ, բայց ապարդյուն, հետո համբուրեց Էլիզաբեթին ու հարցրեց.
-Գնա՞նք:
Աղջիկը գլխի շարժումով դրական պատասխան տվեց, և սիրահար զույգը սկսեց քայլել: Քայլում էին լուռ, քայլում առանց դադարի, նրանց ուխտի նպատակը ստիպում էր նրանց չհոգնել: Մի քանի ժամ անդադար քայլելուց հետո վերջապես երևաց մի ցուցանակ, որի վրա գրված էր Էջմիածին: Նրանք հայացքներով փոխանակվեցին, ժպտացին միմյանց, և ինքնաբերաբար նրանց քայլերն արագացան. ցանկանում էին րոպե առաջ հասնել Մայր Տաճար: Վերջապես երևաց Մայր Տաճարի բակը, որտեղ մի տարեց ծերունի խաչեր էր վաճառում: Նրանք երկու խաչ գնեցին, որոնցից մեկի վրա կար «Է», իսկ մյուսի վրա «Լ» տառը: Այնուհետև նրանք մտան եկեղեցի, ստացան քահանայի օրհնությունը և նստելով նստարանին՝ սկսեցին լուռ նայել իրար.
-Խոստացի՛ր, որ երբեք չենք բաժանվի ու միշտ միասին կլինենք:
-Խոստանում եմ, Լեո, երդվում եմ մենք միշտ միասին կլինենք, և նույնիսկ մահը մեզ չի բաժանի:
Նրանց աչքերում արցունք նկատվեց, երկուսն էլ հոգու խորքում գիտեին, որ Լեոն չի փրկվի:
Դուրս եկան եկեղեցուց, մի փոքր զբոսնեցին ու նստեցին արդեն դեղնած և չորացած խոտերին:
Լեոն ամուր գրկել էի աղջկան ու ոչինչ չէր ասում: Նրանք լուռ արտասվում էին ու իրարից թաքուն մեկմեկու հրաժեշտ տալիս: Բայց Լեոյի հոգում ինչ-որ բան կատարվեց. նա իր պարանոցից հանեց «Լ» տառով խաչը, սրբեց արցունքները ու դնելով խաչը Էլիզաբեթի ափի մեջ՝ ասաց.
- Ինչ էլ որ լինի, մենակ չմնաս, խոստացի՛ր, որ որդուդ իմ անունով կկոչես ու այս խաչը կկախես նրա պարանոցից:
Աղջիկը ամուր գրկեց Լեոյին ու սկսես հեկեկալ:
Շարունակելի......



