Փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից ստացվեց ահազանգ՝ նախընտրական քարոզչության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու մասին՝ դիտել ահազանգը https://iditord.org/reports/view/1423:

Խախտվել է ՀՀ Ընտրական օրենսգիրք- հոդված 21.2

«Նախընտրական քարոզչության ընթացքում պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով»:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք- հոդված 40.8.

«Նախընտրական քարոզչության իրականացման համար oրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով»:

Այս մասին դիմում Արման Մելիքյանը ներկայացրել էր նաեւ ԿԸՀ նախագահին եւ ՀՀ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:

Մանրամասները ճշտելու համար զանգահարեցինք Արման Մելիքյանին: Նա հրաժարվեց հանդիպել՝ զբաղված լինելու պատճառաբանությամբ: Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Էլեոնորա Առաքելյանը մեզ փոխանցեց, որ այն, ինչ Արման Մելիքյանը պիտի ասեր կատարվածի մասին, գրանցված է նրա ֆեյսբուքյան էջում:

Եղանք Արման Մելիքյանի նշած հասցեում՝ Հալաբյան 35, որտեղ բնակվում է նաեւ թեկնածուի մայրը: Ըստ Արման Մելիքյանի՝ այցելել եւ վերը նշված ձեւաթուղթը ներկայացրել էին նաեւ իր մորը ((http://www.youtube.com/watch?v=DloYt3DQnYA):

Մոր հետ հանդիպել չհաջողվեց, քանի որ Արման Մելիքյանը նախապես տեղեկացրել էր, որ 90-ն անց մայրը հակված չէ շփումների:

Շենքի բնակիչ Գոհարիկ Կոստանյանից ճշտեցինք՝ արդյոք իրեն դիմե՞լ են նման հարցով: Բնակչուհին ասաց, որ ընտրություններին վերաբերող որևէ հարցով իրեն չեն անհանգստացրել, բայց եթե պետք է լինում, բարձրաձայն ասում է, որ ընտրելու է նախագահ Սերժ Սարգսյանին. «Ընտրության օրերին մեկը մեկին փնովելով ուզում են ձայներ հավաքեն կամ էկրանից երեւան, որ իրենք էլ են գործ անում: Բերում են նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետը կամ մյուսինը, վերցնում ենք: Բայց մենք հստակ որոշել ենք՝ ում ենք ընտրելու»:

Հանդիպեցինք նաեւ ՀՀԿ շտաբի այն աշխատակցին, ով «պատասխանատու է» Հալաբյան 35 շենքի համար: Չցանկանալով նշել անունը` նա ասաց. «Ես անձամբ չեմ թակել իրենց դուռը, Սերժ Սարգսյանի մասին հարց չի եղել, հարցրել եմ՝ բնակարանում քանի մարդ է ապրում, Հայաստանում են, թե ոչ: Ոմանք ասել են՝ ընտրության օրը բացակայելու են, դա եմ գրել, ուրիշներն ասել են՝ ոչ ոքի չենք ընտրելու, ով չի ուզել պատասխանել, դա եմ գրել: Ոչ մի ձեւաթուղթ չի եղել ձեռքիս: Միակ հարցս եղել է՝ ո՞ւմ եք նախընտրում: Իսկ Արման Մելիքյանի մոր դուռը ես չեմ թակել, հարեւաններն էլ ասացին՝ եթե ՀՀԿ-ի շտաբից ես, մի մտիր Արման Մելիքյանի մոր տուն»:

Հալաբյան 35 շենքի լիազոր Կարինե Հարությունյանը ասաց. «Ես՝ որպես լիազոր, էս տարի չեմ խառնվել ընդհանրապես (Լ.Ղ.-ընտրություններին): Անցյալ անգամներն էլ եթե եղել է, ես ուզել եմ իմանալ՝ մասնակցելու են, թե չէ: Խնդրել, որ ընտրի սրան, ես դա երբեք ինձ թույլ չեմ տվել: Անկեղծ եմ ասում»:

Արման Մելիքյանի հայտարարությանն արձագանքել էր նաեւ Գլխավոր դատախազությունը: Դրա ընթացքի մասին մանրամասներ իմանալու համար ՀՔԾ ուղղած մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ դեպքի առթիվ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, բացատրություններ են վերցվել մի շարք անձանցից, այդ թվում՝ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ եկած որոշ հարցերի վերաբերյալ ճշտումներ կատարելու նպատակով օպերատիվ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը:

Լուսինե Ղարիբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել