Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների շիաների 90%-ը այաթոլլահ Խամենեիի հետևորդ է և հնազանդ նրա հրամաններին

Երեք կարևոր դեպք, որոնք ես կառանձնացնեի Ադրբեջանի համար հուլիս ամսվա ընթացքում`

1) Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքներ (ANS հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրի չեղարկում, «Կովկաս» համալսարանի փակում և այլն)
2) Սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեի անցկացման որոշման ընդունում: Որոշվեց անցկացնել սեպտեմբերի 26-ին:
3) Ադրբեջանի թալիշական համայնքի նշանավոր հոգևոր գործիչ շեյխ Սաիդ Աբդուլլաևի հայտարարությունը:

Եթե առաջին երկու կետերի մասին խոսվել և խոսվում է, ապա վերջին կետը մնացել է աննկատ, այնինչ արժանի է հատուկ ուշադրության:

Լենքորան քաղաքի բնակիչ, Ադրբեջանի թալիշների նշանավոր հոգևոր գործիչ շեյխ Սաիդը ԻԻՀ «Թալիշական ռադիոյին» տված հարցազրույցում ասել է. «Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների շիաների 90%-ը այաթոլլահ Խամենեիի հետևորդ է (moqalled - բառ. «ընդօրինակող») և հնազանդ է նրա հրամաններին: Թալիշները Հեղափոխության մեծ առաջնորդի հանդեպ անկեղծ համակրանք են տածում և նրա հրամանները ընդունում են որպես Մարգարեի հրաման:»

Հայտարարության տեքստից ակնհայտ է, թե քաղաքական ինչպիսի հզոր ուղերձ է այն պարունակում: Ադրբեջանի թալիշներն իրենց այս հայտարարությամբ փաստացիորեն դիմում են ոչ միայն Իրանին` ակնարկելով որոշ ակնկալիքների մասին, այլ նաև` Ալիևին` ցույց տալով իրենց «հոգևոր կապի խորությունը» Իրանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել