Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի և Ալյաթում գտնվող Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի միջև կգործարկվեն նոր լաստանավեր: Այս մասին հայտնել է «Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ» ընկերությունը:
Վերջինիս ղեկավար Թալեհ Զիյադովը հանդիպել է «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Ասկար Մամինի հետ, ով այցելել է Բաքվի նոր նավահանգիստ: Հանդիպմանը Զիյադովը հայտարարել է, որ Բաքվի նավահանգստով բեռնափոխադրումների ծավալն աճել է 1/3-ով, ինչը տեղի է ունեցել ի հաշիվ Բաքու-Ակտաու-Բաքու ուղղությամբ բեռնափոխադրումների աճի:
Մամինն իր հերթին հայտարարել է, որ Ղազախստանում Կուրիկի նոր նավահանգստի կառուցումը դրականորեն կազդի երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների վրա:
Այժմ Կուրիկի ու Բաքվի միջև առկա լաստանավերի հետ մեկտեղ կերթևեկեն նաև նոր լաստանավեր: Բացի այդ, Կուրիկի նավահանգստում Բաքվի նավահանգստի օրինակով կստեղծվի ազատ առևտրի գոտի:



