ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը Ոստիկանության պարեկապահակային գնդի շուրջ ստեղծված իրավիճակի թեմայից բացի անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, մասնավորապես, զիջումներին՝ նշելով, որ միակողմանի զիջումներ չեն լինելու։

«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,– ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել