ՊՊԾ գնդի տարածքում վիրավորում ստացած ոստիկանին կրկին վիրահատել են, վիճակը ծանր է. ԱՆAysor.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներից ամենից ծանրը հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն է։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։

Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։

Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։ Հիվանդի մոտ առավոտյան եղել է վիճակի որոշ վատացում։ Կազմակերպվել է կոնսիլիում։

Ոստիկանն այսօր երրրորդ անգամ վիրահատվել է։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են ծանր, կրկին միացված է արհեստական շնչառական սարք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել