Կամ փոփոխություններ կամ անկում

Եթե պահպանվի ներքաղաքական ստատուս քվոն ագրեսիան, բռնությունները ու իշխանափոխության ոչ-խաղաղ ու ոչ-ավանդական ձևերը կաճեն: Հայ հանրությունը ցույց տվեց, որ այն պատրաստ է որոշակի առումով զոհաբերել մեկ կամ երկու սերունդ հանուն Արցախի ազատագրման և վերջնական ճանաչման, սակայն այն ինչ տեղի ունեցավ ապրիլին և դրանից հետո հանրությանը հուշեց, որ այդ զոհողությունները չեն արվում հանուն Արցախի և հայ ազգի ապագա բարօրության, այլ հիմնականում սպասարկում են անհատական և կլանային շահեր: Բանակում իհայտ եկած կոռուպցիոն բացահայտումները դրեցին հայ հանրության համբերության վերջակետը, քանի որ այժմ մենք գործ չունենք պարզապես տնտեսական և սոցիալական անարդարությունների հետ, այլև սկսեց գործել ֆիզիկական անվտանգության բնազդը: ՊՊԾ գնդի միջադեպը այդ բնազդի ակտիվացման վառ ապացույցն է, միխումբ անձինք՝ վտանգելով սեփական կյանքը, փորձում էին ՛՛փրկել՛՛ Հայաստանը և Արցախը, այնպես ինչպես նրանց մի մասը դա արել էր պատերազմի ժամանակ:

Տնտեսական բարեփոխումների խոստումներով, հակակոռուպցիոն ձևական հանձնաժողովներով և նույնիսկ որոշ դրական կադրայն փոփոխություններով խնդիրը այլևս լուծելի չէ: Քաղաքական վերնախավը չունի հանրության վստահությունը, ավելին, քաղաքական վերնախավի մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, չի վստահում իրենից վերև գտնվող ղեկավարներին և պետության արդյունավետությանը:

Լուծումը միակն է, պետական պաշտոններ զվաղեցրած ներկա ու նախկին անձինք և իրենց հետ փոխկապակցվածները, առանց բացառության, պետք է ենթարկվեն մանրակրկիտ զննության, անհրաժեշտ է ստուգել վերջիններիս հարստացման աղբյուրները, ծառայողական չարաշահումները և կառավարման արդյունավետությունը (ՕԳԳ): Նման գործողություն անելուց հետ, պետք է համակարգից ազատել օրինախախտներին և ցածր ՕԳԳ ունեցողներին, որոշներին ենթարկել քրեական պատասխանատվության և հարստության պետականացմամբ: Փոփոխությունները պետք է իրականացվեն հիմքում դնելով համակարգային արժեքներ, այլ ոչ թե անձնական խնդիրներ:

Այս գործընթացը բնականաբար կառաջացնի դժգոհություններ և ընդվզումներ քաղաքական վերնախավում, բայց ակնհայտ է, որ այլ ճանապարհ նույնպես չկա:
Նման փոփոխություններից հետո, հաջորդ ապրիլին պետք է իրականացնել խորհրդարանական ընտրություններ՝ բացառելով ընտրակաշառքները և այլ ընտրախախտումները:

Հաճախ, նմանատիպ կոչերին իպատասխան հարց է հնչում թե ով պետք է իրականացնի այդ բարեփոխումները: Մեր ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս միայն երկու սուբյեկտի իրականացնել այդչափ ընդգրկուն գործընթաց, դա Հանրապետության նախագահն է կամ հայ ժողովուրդը: Ըստիս, այս ընթացքում ամենարդյունավետ տարբերակը կլինի այդ երկու սուբյեկտների միասնական գործողությունները:

Մյուս քննադատությունը, որ միշտ առաջ է գալիս, այն է, որ նկարագրվածը չափազանց ռոմանտիկ է, անիրագործելի և այլ և այլն: Իրականում, նկարագրված ճանապարհով անցել են և անցնում են բազմաթիվ երկրներ, եթե վերը նկարագրվածին տանք մասնագիտական բացվածք, ապա դա իրագործելի է մինչև տարվա վերջ: Եթե դա իրականանալի չէ, ուրեմն մենք արժանի չենք ունենալ կայացած պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել