Պրոֆեսիոնալի համար անհաղթահարելի է՞ր 350 մետրը
Լրահոսում առավոտից հակասական կարծիքներ են տարածվում ՊՊԾ գնդի շուրջ երեկ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: Խոսքը զորմասից 350 մետր հեռավորության վրա մեքենայի մեջ սպանված Յուրա Տեփանոսյանի մասին է:
Սասնա ծռերի անդամները հայտարարել են, որ իրենք որևէ առնչություն չունեն սպանության հետ: Ոստիկանությունն էլ իր հերթին տարածել էր հաղորդագրություն, որտեղ լուսանկարներով ցույց էր տալիս շենքը, որի տանիքից կրակ է բացվել և այն վայրը, որտեղ կայնված է եղել սպանված ոստիկանի մեքենան:
Ամեն դեպքում ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց մի քանի տեղ պտտվող այն թեզը, թե 350 մետր հեռավորությունից գնդի տղաները չէին կարող դիպուկահար կրակոցով սպանել ոստիկանին: Ու սա ասում են որոշ օգտատերեր, ովքեր մի քանի օր առաջ նշում էին, որ ՊՊԾ-ն գրաված բոլոր տղերքը պատերազմի վետերաններ են, գերազանց տիրապետում են զենքին ու բավականին պրոֆեսիոնալ զինվորականներ են: Ու շատերը հենց այս հանգամանքով էին պայմանավորում ոստիկանության գրոհ չձեռնարկելը:
Ու հետաքրիր է, որ այս ամենի ֆոնին շատերն ահնար են համարում, որ այդ նույն պրոֆեսիոնալ զինվորը կարող էր 350 մետր հեռավորության վրա դիպուկ կրակոց անել:
Մոտս հակասական զգացողություն է առաջացել: Անընդհատ մտորում եմ, թե զենքին գերազանց տիրապետողի համար արդյո՞ք կարող էր 350 մետր հեռավորությունը անհաղթահարելի փորձություն լիներ: Եթե իրոք այդ տղաները ներկայացվածի պես զենքի գործածման վարպետներ են, պետք է որ նրանց համար խնդիր չլիներ այդ հեռավորությունը: Եթե ոչ, ապա կարող ե՞նք ֆիքսել, որ նախկինում հնչեցրած բնորոշումները մի փոքր ճոխացված էին:
Սա արդեն, կներեք, բայց աբսուրդի ժանրից է: