Tert.am-ը գրում է.
Երևանի Սարի թաղ թաղամասում երեկ տեղի ունեցած դեպքերով հրապարակումներն ու տեսանյութները ուսումնասիրվում են: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
«Նյութերը կուսումնասիրվեն և դատավարական որոշում կայացվելիս` կհրապարակվեն»,-ասաց Միքայել Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանների կողմից գործադրված բռնությունների և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով: Հիմքում մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ էին` ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Հարցին,թե ինչու առ այսօր սույն քրեական գործով, որևէ կասկածյալ չկա, Միքայել Ահարոնյանն ասաց.«Կրկնում եմ` քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ, նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքներից ելնելով`մանրամասներ հրապարակել չեմ կարող»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



