Ամենացավալին, ամենահիասթափեցնողն ու ամենամտահոգիչն էն ա, որ համակարգչի առջև նստած, պլանշետներն ու հեռախոսները ձեռքներին շատ շատերի համար էս իրավիճակը իսկապես կրկես ա... բայց նրանք արենայում ոչ թե ակրոբատներ, էկվիլիբրիստներ, գազաններ ու ծաղրածուներ են ուզում, այլ գլադիատորներ... հա՛, մահվան պատրաստ գլադիատորներ, արյուն ու մահ... ու իրավիճակը հանգուցալուծելու, զենքը վայր դնելու, բանակցելու հորդորներին, կոչերին ու խնդրանքին նրանք պատասխանում են մոտավորապես էս. «յա, բա դուք չգիտե՞ք, որ նրանք մահվան պատրաստ են արենա ելել, բա ինչ կլինի նրանց հետ զենքը վայր դնելուց հետո...»
...չեմ ուզում խոսել ներքաղաքական կյանքը գլադիատորական կրկես դարձրածների արարքի մասին, շատ եմ խոսել, հոգնել եմ ու հոգնեցրել... ուզում եմ խոսել կրկեսի ամֆիտատրոնն ու օթյակները լցրած վիրտուալ հանդիսատեսի մասին...
...ամբոխը՝ ցուցարարները չէ, այլ համակարգչի առաջ, պլանշետ ու հեռախոս ձեռքին ամբոխը արյուն է ուզում... զոհ է ուզում, որ հանդարտվեն կրքերը, որ իր էսքան օրվա կրքերն անիմաստ չկորեն... օրգազմ է պահանջում վիրտուալ ամբոխը... կյանքեր է պահանջում, որ կարողանա իր ատելությունը վառ պահել, որ կարողանա արդարացնել իր զզված լինելը, հեռացած լինելը (ոչ միայն ու ոչ էնքան աշխարհագրորեն)...
...հանրությունը քավության նոխազ է ուզում իշխանություն ունեցողների ու չունեցողների բազմաթիվ մեղքերի համար, ասես էդ արյունը լվալու է մեղքերն ու մյուս առավոտ բոլորն ապրելու են ազնիվ ու արդար... քավություն է ուզում մեծ ու փոքր սրիկաների ու սրիկայությունների համար, խաբված լինելու ու դավաճանությունների համար, հիմարությունների համար, գազանության ու խեղճության համար, անպատասխանատու կամ անհաղորդ լինելու համար, արածների ու ավելի շատ՝ չարածների համար... էդպես մենք տասնյակ հազար տարի մեր դժբախտություններին անմասն արարածին զոհել ենք, կամենալով, որ մեր մեղքերն ու խնդիրները խեղդվեն նրա խռխռոցում...
...հասկացեք որ ձեր մարդկային զոհերն ընդունելի չեն՝ Բարձրյալն Իսահակի փոխարեն գառ դրեց Աբրահամի կանգնեցրած զոհասեղանին ու ձեր տատերի ու պապերի Փրկիչն ինքը ելավ խաչին, որ ուրիշին զոհելու որոշումը մերժեն հետևորդները... ասածիս մեջ պաթոս ու զգայական հնչյուններ պետք չէ փնտրել... պաթոս չկա, կա արհամարանք՝ տանը հանուն կահույք փոխելու որդիներին հյուրասենյակում անմտաբար նրանց իսկ բարձրացրած զոհասեղանի վրա երկնքին մատուցելու պատրաստ ամբոխի հանդեպ... բարձրացեք Խաչին կամ իջեք պատվանդանից, եթե գտնում եք որ ձեր պատկերացումների իրականացման կյանք պետք է զոհել՝ զոհաբերեք ձերը...
...ձեր վայր պահած բթամատերով ստիպում եք իրենց գլադիատոր դարձրածներին գնալ մահվան... վե՛ր ցցեք բթամատը, տիկնա՛յք և պարոնա՛յք... ծալեք ուրիշին ուղղված ցուցամատը... բռունցքեք մատներն ու զարկե՛ք, կամ բացեք մատներն ու բաց ափը մեկնեք իրար... վարվեք ինչպես կուզեք, բայց մի ստիպեք ուրիշին զոհել իր կյանքը հանուն ձեզ ու ձեր քմահաճույքի... զոհաբերեք ձերը...
...զոհաբերեք համբերատար չարչարանքով՝ տարիներ շարունակ հանուն ապագայի զոհողություններ անելով, կամ պոռթկման պահին՝ մի ակնթարթում... բայց զոհաբերեք ձերը...
...հող մի լցրեք էն մարդկանց գլխին, ովքեր իրենք իրենց գցել են փոսը... կամ թռեք ցած՝ փոսի մեջ, որ ձեր վրայով բարձրանան վեր ու հասնեն իրենց ուզածին, կամ օգնեք դուրս գալ փոսից՝ ցեխոտ ու քերծված, բայց՝ ողջ-առողջ...
...ձեզ պահեք ձեր լայքերն ու դիտողությունները՝ չեմ գրում, որ հավանեք կամ փետեք... չեմ գրում, որ թեթևանաք ու դուրս գաք սթրեսից, որ վհատվեք կամ ոգևորվեք... լայք դրեք կյանքին, քոմենթեք ձեր ներսում զոհ պահանջողին... բութ մատներդ վե՛ր, սիրելիներ...
© morituri te salutant... avete vos!