«Պավլիկ Մանուկյանի վիճակը մնում է ծանր, դեռ 3 վիրահատության կարիք ունի». փաստաբանAravot.am-ը գրում է.

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող` ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ժամեր առաջ այցելել է նրա փաստաբանը` Ինեսա Պետրոսյանը:

«Վիճակը մնում է ծանր, դեռեւս երեք վիրահատության կարիք ունի, այսինքն` պարտադիր է, որ նա շարունակի մնալ հիվանդանոցում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողներին հայտնեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ Մանուկյանը շարունակում է հացադուլը. «Իր պայքարը ժողովրդի համար նա տեսնում է հացադուլի մեջ: Ասաց փոխանցեմ, որ «հանուն ժողովրդի պետք է նահատակվեմ»:

Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ Պավլիկ Մանուկյանը հրաժարվում է ցավազրկողներ ստանալ. «Ասում է` ես պետք է տառապեմ իմ ժողովրդի համար»: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ իր տեղեկություններով` ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն է այսօր այցելել Պավել Մանուկյանին:

Հարցադրմանը, թե ինչու ըստ հերթափոխի կանոնների` ՊՊԾ գնդի ներսում գտնվող կին-բուժաշխատողին չեն փոխարինում, Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց. «Պավել Մանուկյանն ասաց` այս պահի դրությամբ էլ տղաները պատրաստ են, որ բուժքույրը տեղափոխվի: Բայց ոչ մեկ չի կարող ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ըստ Պավել Մանուկյանի` նրա եւ որդու վրա կրակել են, երբ փորձել են մոտենալ վիրավորներին: Անվտանգության երաշխիք չկա, որ բուժքրոջը չեն վնասի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել