Այս ընթացքում մարդ զոհվեց, մարդիկ վիրավորվեցին, մարդիկ բերման ենթարկվեցին, իսկ ոմանք էլ՝ ձերբակալվեցին։ Ու ինչպե՞ս է արձագանքում հանրությունը դրա՞ն։ Այսօրվա դրությամբ, կարելի է փաստել, որ թե՛ Պավլիկենց խումբը, թե՛ պատանդները ավելի քիչ են հուզում հանրության ակտիվ զնագվածին, քան Արսինե Խանջյանի արձագանքը, Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և իհարկե հրեշտակ Մագան։
Սակայն սրանում ոչ մի զարմանալի բան չկա, որովհետև ի սկզբանե այս ալիքում ոչինչ այդքան շատ չէր, որքան աբսուրդը։ Նույնիսկ պաթոսը զիջեց իր դիրքերը։ Եվ ահա, մենք տեսնում ենք, որ այդ աբսուրդի թատրոնում ադրբեջանական կինոփառատոնների կազմակերպող Լևոն Բարսեղյանն ընկալվում է՝ որպես հերոս ու Կիրովաբադ գրավող առաջնորդ։ Դեռ մի երկու տարի առաջ նույն Բարսեղյանին դավաճան հռչակած ու նրա դեմ բողոքի ակցիայի մասնակցած Հայազնը՝ Բարսեղյանի ամենահավատարիմ դաշնակցի կարգավիճակում։ Սադրիչ ու թալանչի Բաղդասարյան Աբոն, ով հիմա հպարտորեն Ալբերտ է կոչվում, տրիբունների վրա աղաղակում է ու ճգնաժամային համակարգող խմբեր է ստեղծում։ Տեսնում ենք Դվին հյուրանոցը ռասկուլաչիտ արած մինիօլիգարխ Անդրիաս Ղուկասյանին, ով խոսում է անելանելի սոցիալական անարդարությունից ու էլի բազմաթիվ այլ քաղաքական ծաղրածուների ու դիակների։ Ու մարդիկ նրանց լսում են, մարդիկ նրանց հավատում են, մարդիկ նրանց հետևից գնում են։
Այո՛, սա աբսուրդի թատրոն է, բայց աբսուրդի թատրոն է՝ նախահեղափոխական իրավիճակում։ Այո՛, Բարսեղյանը ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպող պոպուլիստ է, այո՛ նրան այսօր պաշտպանողները հաճախ երեսպաշտ են, այո՛, Բաղդասարյան Աբոն ոնց կար աղաղակող սադրիչ, այնպես էլ մնացել է ու այո՛, Անդրիասը իր գրպանից մի կոպեկ չի դնելու, որպեսզի սոցիալական անարդարությունը նվազի, բայց երբ մարդիկ անգամ նմանների հետևից են գնում, դա արդեն ոչ թե նմանների շնորհքն է, ոչ էլ մարդկանց մեղավորությունը։
Դա իշխանությունների սխալ քաղաքականության ու անսահման ցինիզմի հետևանք է, ու սա պետք է լինի մեկ վերջին ահազանգ՝ սթափվելու համար։ Ահազանգ, որ հեղափոխական իրավիճակը բնութագրող կարևորագույն գործոնն արդեն կա․ վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում։ Ու այսօր այս ճգնաժամից շառով-խերով դուրս գալը լուծում չէ, եթե չսկսենք դուրս գալ այն ճահճից, որի մեջ մտցրել են մեզ իշխանությունները, բայց մենք էլ մտել ենք՝ հաճախ կամավոր։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/07/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել