- Երևանում արդեն շուրջ 10 օր շարունակվող իրադարձությունների ֆոնին, բավականին հետաքրքիր տեղեկություններ հայտնվեցին մամուլում այն մասին, թե Թուրքիան պատրաստ է քննարկումներ սկսել Հայաստանի հետ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Ավելին ՝Թուրքիայի արտգործնախարար Մեվլուդ Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորելու հարցում։
Առաջին հայացքից բավականին ողջունելի հայտարարություն է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները սառեցվել էին տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտությունից» և Ցյուրիխյան արձանագրություններից հետո։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է Թուրքիան հենց այժմ հանդես գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և ինչ է իրականում թաքնված դրա տողատակերում։
Ինչպես գիտենք, Թուրքիան մշտապես հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել է Ղարաբաղի հարցի առկայությամբ։ Ավելի կոնկրետ՝ բացարձակ պրոադրբեջանական իր դիրքորոշմամբ։ Այս երկիրը մշտապես հայտարարել է, որ պաշտպանում է ԼՂՀ կարգավորման հարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու միայն այդ հարցի լուծումից հետո կարող է խոսք գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Բոլորվին վերջերս, հայ հանրության որոշ շահագրգիռ քաղաքական և լրատվական շրջանականեր սկսեցին ակտիվորեն քննարկել Ղարաբաղյան հարցում տխրահռչակ Լավրովյան պլանի հավանականությունը։ Այս փաստաթղթով ինչպես գիտենք Ղարաբաղի կարգավիճակի մասին հստակ ոչինչ չկա, այլ կան լղոզված ինչ-որ ձևակերպումներ։ Փոխարենը, ըստ դրա,Հայաստանը իր զորքերը դուրս է բերում ազատագրված տարածքներից և սկսվում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման գրոծընթաց։ Ապրիլյան քառօրյաից հետո այս թեմայի վերաբերյալ խոսակցությունները դարձան բավականին ակտուալ, հաշվի առնելով, որ հայկական կողմը այդ կարճա-ժամկետ պատերազմի արդյունքում կորցրեց շուրջ 800 հեկտար հող։ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների համար սա բավականին լեգիտիմ առիթ էր քաղաքական դիվիդենտ հավաքելու և սեփական քաղաքական օրակարգը առաջ տանելու համար, հաշվի առնելով, որ ինչ-որ տեղ, միգուցե նրանք դրա համար ունեին լեգիտիմ պատճառներ։ Սարգսյանը ապրիլյան քառօրյաից հետո Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ բացի մի քանի միջազգային հեռուստաալիքներին տված հարցազրույցները, անդրադարձ մեծ հաշվով չի կատարել։ Նա շարունակում է պահպանել լռություն, ինչն էլ պատճառ է դառնում նրա օպոնենտների համար՝ խոսելու պարտվողական դիրքորոշում ունենալու համար։
Եվ ահա, այս օրերին թուրքական մամուլը սկսել է ակտիվորեն խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որի նպատակը կարծում ենք հետևյալն է։ Հայ հանրության շրջանում մաքսիմալ տարածել այն միտքը, որ Հայաստանը արդեն համաձայնվել է Լավրովյան պլանին, այսինքն հանձնել ազատագրված հողերը։ Հայ հանրությունը բնականաբար սա չի կարող ընդունել և ներքաղաքական սրացումներ կարող են առաջանալ Հայաստանում, որտեղ կարող է ստեղծվել զգայուն ու պայթյունավտանգ իրավիճակ։ Իսկ այստեղ արդեն օգտվելով հայաստանյան ներքին խառնաշփոթներից, Ադրբեջանը հնարավոր է սահմանում լարված իրավիճակ հրահրի ու ինչու ոչ, Ղարաբաղյան հակամարտությունը լուծի իր օգտին։ Ահա սա է կարծում ենք այս հայտարարությունների նպատակն ու հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունների շարժառիթը։
Հայաստանում այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները իհարկե չենք ուզում կապել վերոնբշյալ մտքի հետ, սակայն ՊՊԾ գնդի գրավումը ինչ-որ չափով նպաստում է սրան։ Քանի որ ամեն դեպքում այսօր Հայաստանում շատ վտանգավոր ու լարված իրավիճակ է։ Ուստի,հաշվի առնելով թուրքական ակտիվությունը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, ամեն դեպքում չափազանց կարևոր է հիմա պահպանել հանդարտություն և զսպվածություն, քանի որ այս պահին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միայն ու միայն ձեռնտու են Ադրբեջանին և Թուրքիային։ Նման շռայլություն մենք իհարկե մեզ թույլ տալ չենք կարող։