Թագուհի Ստեփանյան. Չպետք է բժիշկներին պատանդ վերցնելով համարեն, որ ինչ-որ պահանջ են ներկայացնումAysor.am-ը գրում է.

Բժիշկներին պատանդ վերցնելով չի կարելի համարել, որ զինված խմբավորումը ինչ-որ պահանջ է ներկայացնում, Aysor.am-ի հետ զրույցում, մեկնանաբանելով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը, ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Ամեն դեպքում բժիշկները կատարում են իրենց մասնագիտական պարտքը ու բացի այնտեղ մատուցվող ծառայություններից, իրենք նաև ծառայություններ պետք է մատուցեն մեր մյուս քաղաքացիներին: Նրանց ուղղակի պահելն այնտեղ նշանակում է՝ ոչ միայն իրենց սպառնալ, այլև՝ մեր մյուս քաղաքացիներին, ովքեր օգնության կարիք ունեն, զրկել այդ օգնությունից կամ ուշացնել այն», - ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նա կոչ արեց, որ զինված խումբը բժշկական անձնակազմին բաց թողնի:

«Եթե պահանջ ունեն, թող այլ կերպ պահանջեն: Ոչ մեկ իրենց չի ասում պահանջներից հետ կանգնեք: Մենք ընդամենը մտել ենք այդ տարածք, որ մարդկանց օգնություն ցուցաբերենք ու անհրաժեշտության դեպքում տեղափոխենք հիվանդանոց, ինչպես՝ բոլոր հիվանդներին», - ասաց Թ.Ստեփանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել