Ատում եմ բարաբաներին, ատում եմ ամբոխին՝ անկազմակերպ, ջարդելու, փշրելու հոգեբանությամբ, Քրիստոսին հրճվանքով խաչող անուղեղ <<մարդկանց>>խմբերին, ծայրահեղական ու արյան հոտից կատաղածներին…
Կեցցե′ Լատինական Ամերիկան, կեցցե′ զինված հեղաշրջումներն ու խունտաները: Մենք այսուհետ անցյալ դարի 60-ականների Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի երկրների մակարդակին ենք…
Այսուհետ նախադեպը կա, տղերքով պարբերաբար՝ ըստ տրամադրության ու հավեսի, կհավաքվեն ու կորոշեն ավտոմատի կրակահերթերով իշխանությունը զավթել ու Կալաշնիկովի կարգեր հաստատել…
Ու կունենանք պերմանենտ, բառիս բուն իմաստով բռի, անկազմակերպ ու անծրագիր ցնցումներ, <<քաղաքական>> շոուներ, հաջողված կամ ձախողված հեղաշրջումներ:
Ժամանակն է վերջ տալ այս զինյալ խմբի շոուին, մեզ ցնցումներ պետք չեն հատակապես աշխարհաքաղաքական այս լուրջ, անկանխատեսելի զարգացումների, վերադասավորումների ժամանակաշրջանում:
Սակայն սա նաև իշխանության որոշ ներկայացուցիչների, գլխաքանակ ապահովող պատգամավորների, գռփելու, թալանելու ու ամենաթողության արդյունքն է: Հետևանքն է այն բանի, որ իշխանության շարքերում բուն դրած մի ստվար զանգված սկսեց ապրել միայն ու միայն ներկայով, նեղություն չքաշելով դասեր քաղել ո′չ անցյալից և ո′չ էլ ապագան կանխատեսել, առաջ նայել ու ժամանակին համընթաց քայլեր կատարել: Նրանք խրվեցին ներկայի հաճույքների մեջ ու աստիճանաբար սկսեցին կորցնել իրականության զգացումը: Իրենց պահելաձևով, իրենց քայլերով, իրենց մեծամիտ ու անմտածված բլթոցներով զայրացնելով մարդկանց:
Ժամանակն է կտրվեք ձեր <<մշտական զբաղմունքներից>>, սկսեք վերջապես անցյալից դասեր քաղել, ուշքի գալ ու էական, իրական և անհրաժեշտ քայլեր կատարել: Մի մոռացեք, որ շուտով ընտրություններ են ու իմ կարծիքով շատ բարդ ընտրություններ…
Այո′, Կալաշնիկովի կարգեր նույնպես մեզ պետք չեն… ժամանակն է , որ դա գիտակցեն նաև Սասնա ծռերի տղերքն ու հաշվի չառնեն կրկեսի սովոր ամբոխի շախերն ու քաղաքական մարած, արժեզրկված աբլիգացիաների տափակ կոչերն ու հաչոցները:
Իսկ հետևություններ և փոփոխություններ մենք պարտավոր ենք կատարել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել