Հայը հազարավոր տարիներ իր հարատևման համառ կամքով ապրել, արարել ու հասել էր 20 - րդ դարասկիզբ երբ հայոց հողին ոտք դրեց կուսակցականությունը և սկսեցին բազմանալ զանազան Փանջունիներ։ Մինչ այդ հայը նեղն ընկած տեղը իր զինված խմբերն էր ստեղծում ու իշխողին դրանցով կարգի հրավիրում։ Ապրում էին, չեմ ասում իշխանավայել, բայց դե չէին էլ մորթոտվում ինչպես դա սկսվեց քսաներորդ դարասկզբին ու շարունակվում է առ այսօր այդ Փանջունիների լույս ընկնելով ու զանազան ազգակործան արկածախնդրություններ հրահրելով։
Մինչ Փանջունիները հայը դեռ չգիտեր ինչ է ճամարտակելով դրամ շինելը։ Զավզակությամբ դրամ շինելու այդ հեշտ ճանապարհը մեր ժողովրդի խաբեբա հատվածին այնքան գայթակղեց ու հմայեց որ արդեն հարյուրներով ու հազարներով են սկսել բազմանալ Փանիջունիները։ Իհարկե նրանք էլ համասեռ զանգված չեն և նրանց մեջ էլ կան տարատեսակություններ։ Մի մասը խոհուն ու լայն ճակատով , դնչի տակին մի այծամորուք ունի, մյուս մասը շիփ շիտակ ածիլված ու բավականին լպիրշ ներքինու տեսքով, երրորդ տեսակը լավ ու անտառասխալ գրել գիտի, չորրոդը խոսք տանել բերելու մեծ վարպետ է, հինգերորդը պապաներ ունի դրսերում՝ ռուս, եվրոպացի թե թուրք դա էլ կարևոր չէ և այսպես շարունակ անվերջ։
Բոլոր այս Փանջունիների միակ նպատակը աթոռն է՝ պետական հիմնարկի աթոռը յուրաքանչյուրին իր ախորժակի համաձայն։ Իսկ գերնպատակը մեկն ՝ նախագահականի բազկաթոռը։
Բա ժողովուրդը՞։ Ժողովուրդը այս ամեն ինչում կարևոր գործոն չէ։ Մարդիկ ժամանակ չունեն ժողովրդի հոգս ու ցավով զբաղվելու համար։ Կարևոր գործով են զբաղված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել