Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակցին Ռուսաստանի օլիմպիական հավաքականում տեղ չգտնվեցBarometer.am-ը գրում է.

Օլիմպիական 31-րդ խաղերի մեկնարկից առաջ Ադլերում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՌԴ-ի ազգային հավաքականի եզրափակիչ ուսումնամարզական հավաքի ընթացքում, երեկ՝ հուլիսի 22-ին, ՌԴ-ի օլիմպիական վերջնական կազմը հայտարարելու համար փորձամրցումային ստուգողական գոտեմարտեր անցկացվեցին: Օլիմպիական 6 քաշային կարգերից 4-ում մարզչական շտաբը վաղուց կողմնորոշվել էր ու ընտրանու գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին ՌԻՈ-2016-ի օլիմպիադայում հանդես գալու իրավուքն արդեն վերապահել էր Իսլամ-Բեկ Ալբիևին (66 կգ, Մոսկվա-Չեչնիա), Ռոման Վլասովին (75 կգ, Նովոսիբիրսկ), մոսկվացիներ՝ Դավիթ Չակվետաձեին 85 կգ և գերծանր ՝ 130 կգ քաշային Սերգեյ Սեմյոնովին: Իսկ ահա 59 կգ և 98 կգ քաշային կարգերում հավասարազոր մրցակիցների միջև լրացուցիչ ստուգողական գոտեմարտերի անցկացման անհրաժեշտություն զգացվեց:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեզ համար առանձնակի հետաքրություն էր ներկայացնում 98 կգ քաշային կարգում ՌԴ-ի ներկայացուցչի ընտրության հարցը: Լրացուցիչ մենամարտում մրցեցին վերջին 2 տարիների ՌԴ-ի չեմպիոն, 2015թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի չեմպիոն, դաղստանցի, Ռոստովի մարզն ու Չեչնիան ներկայացնող Իսլամ Մագոմեդովն ու մարտին Ռիգայում ընթացած 2016թ Եվրոպայի առաջնության եզրափակչում 4:0 հաշվով աշխարհի կրկնակի չեմպիոն ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին հաղթած և աշխարհամասի չեմպիոն հռչակված, 2013թ աշխարհի չեմպիոն, բազմափորձ Նիկիտա Մելնիկովն, ով 2016թ ՌԴ-ի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց էր թողել:

Նրանց ստուգողական մենամարտը 3:1 հաշվով շահեց Մագոմեդովն ու իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիական խաղերում: Իսկ ահա ՌԻՈ-2016-ում Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից մեկին՝ Մելնիկովին, ՌԴ-ի օլիմպիական հավաքականի կազմում տեղ չգտնվեց: 59 կգ քաշային կարգում էլ օլիմպիական ուղեգրի համար հիմնական պայքարը ծավալվում էր 3 ըմբիշների ՝ 2015 թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի չեմպիոն, մրցավարական խարդավանքների զոհ դառնալու պատաճառով 2014 թ և 2015 թ ՌԴ-ի փոխչեմպիոն դարձած, կրասնոդարցի 24-ամյա հայազգի ըմբիշ ՍտեփանՄարյանյանի, ով ընթացիկ մրցաշրջանում գերազանց է հանդես գալիս, 2016 թ Եվրոպայի չեմպիոն, 2014 թ աշխարհի փոխչեմպիոն, 2012 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մինգիյան Սեմյոնովի (Կրասնոյարսկ, Կալմիկիա) և մրցավարների անմիջական օգնությամբ և ակնհայտ կողմնապահությամբ 2014 թ և 2015 թ ՌԴ-ի առաջնությունների եզրափակիչներում Մարյանյանին պարտության մատնած ու ՌԴ չեմպիոն հռչակված Իբրահիմ Լաբազանովի (Սանկտ Պետերբուրգ, Չեչնիա) միջև: Վերջինս ստուգողական գոտեմարտում նախ 4:2 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Մինգիյան Սեմյոնովին, իսկ երկրորդ լրացուցիչ մենամարտի ժամանակ էլ կրկին կողմնակալ մրցավարության օգնությումբ (նրանք չնկատելու տվեցին Ստեփանի կատարած կառչում հնարքը) առավելության հասավ իր վերջին շրջանի գլխավոր մրցակից, հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանի նկատմամբ և ՌԻՈ-2016-ին մասնակցելու ուղեգրի արժանացավ, իսկ Մարյանյանն, ով իր փայուն մրցելույթների շնորհիվ միանգամայն արժանի էր մեկնելու ՌԻՈ-ի օլիմպիադա, դուրս մնաց ՌԴ-ի օլիմպիական հավաքականից:
Գուցե ժամանակն է, որ հաջորդ օլիմպիական շրջափուլում երիտասարդ հայազգի տաղանդաշատ այս ըմբիշը ճակատագիրը Հայաստանի հավաքականի հետ կապի, և 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանի արժանի փոխարինողը դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել