Եթե Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավողները արցախյան ազատամարտի մասնակիցներ չլինեին, հասարակության վերաբերմունքն անշուշտ այլ կլիներ: Մարդիկ գուցե առանց տատանվելու բոլորին ահաբեկիչներ անվանեին ու երկրորդ կարծիք էլ գոյություն չունենար հասարակության մեջ:
Բայց մի՞թե միայն ազատամարտիկ լինելու հանգամանքը թույլ է տալիս մարդուն զենք վերցնել ու զինված հարձակում գործել պետական հիմնարկի վրա: Ինչպիսի շարժառիթ էլ որ նա ունենա:
Էտ պարագայում կարող ենք ասել, որ Շմայսը, ում ներդրումը ևս հայտնի է Ղարաբաղյան պատերազմում ճիշտ է ու ոչ դատապարտելի, երբ հայհոյում է ԱԺ նիստերի ժամանակ: Կամ մի՞թե հասարակությանը դուր է գալիս ԱԺ պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի պահվածքն ու կերպարը՝ որպես քաղաքական գործիչներ:
Միանշանակ՝ ոչ: Շմայսը, գեներալ Մանվելն ու Սեյրանը, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանը որքան էլ մեծ ներդրում ունենան Ղարաբաղյան պատերազմում, քաղաքական ու քաղաքացիական կյանքում պետք է օրինակելի վարք ունենան ու շարժվեն համընդհանուր նորմերով: Եթե դա չեն կարող անել, պետք է հրաժարվեն տվյալ դաշտում դրսևորվելուց: