Վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիական ու քաղաքական ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանու, որոնց մասնակցել կամ լուսաբանել եմ այս կամ այն չափ ակտիվությամբ: Այդ ակցիաները միշտ խոսել են ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացածության բավական բարձր մակարդակի մասին: Բայց Հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ծայր առած պերմանենտ ակցիաները կարծես թե նկատելիորեն տարբերվում են վերոնշյալ բոլոր հավաքներից:

Ըստ իս դրա հիմնական պատճառն այն է, որ ակցիայի առիթը ինքնինի յուրահատուկ էր ու պարունակում էր ռազմական բաղադրիչ: Այն որքան էլ աննախադեպ էր, նաև վատ իմաստով, այնքան էլ մարդկանց վանում էր ընդհանուր գործընթացին մասնակից դառնալուց:

Ակցիայի բնորոշ գծերից մեկը կարելի է համարել անկազմակերպ բնույթը: Եթե ուշադիր հետևենք, իր զարգացման 5 օրերի ընթացքում այն մի քանի առաջնորդ է փոխել, ինչը խոսում է ակցիայի՝ ոչ մի տեղ գնացող հատկանիշի ու անկանխատեսելիության մասին:

Վերջին 4 օրերին ակցիայի մասնակիցների թվաքանակը էականորեն չի փոխվել. պտտվում է 700-1000-ի շրջակայքում: Դա խոսում է այն մասին, որ հավաքը աճելու պոտենցիալ չունի: Մենք գիտենք, որ զանգվածային ակցիայի աճի առաջին հատկանիշը մարդկանց թվաքանակի ավելացումն է:

Զանգվածային միջոցառումները սովորաբար ունենում են իրենց պայմանները կամ պահանջները հռչակող փաստաթուղթ, ինչը, սակայն, այս պարագայում դեռևս չի ընդունվել: Կազմակերպիչներից Անի Նավասարդյանը երեկ նշել էր, որ այդ գործընթացն առայժմ հայտարարությունների մակարդակում է: Հրավիրվել են մասնագետներ՝ հռչակագրի տեքստը կազմելու համար, սակայն արձագանքներ դեռևս չկան: Արդյո՞ք այս հանգամանքը չի խոսում հանրային դեմքերի կողմից ակցիան ոչ բավարար չափով սատարելու, կամ այն լուրջ չընդունելու մասին:

Արդեն մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակցիայի մասնակիցները վանել են իրենցից՝ հայտնելով նրանց չընդունելու ու համագործակցվության ցանկության բացակայության մասին: Օրինակ՝ ԲՀԿ, Համախմբում կուսակցություններ, մի շարք այլ քաղաքական գործիչներ, ովքեր գալով ակցիայի վայր, միևնույն է հարցազրույցներ տալուց այն կողմ չեն անցել: Միայն նորմալ հարաբերություններ կան Ժառանգության ներկայացուցիչների հետ, այն էլ անհատական ակտիվության մակարդակով:

Արդյունքում կազմակերպվածությունը խիստ տուժում է և հանգեցնում բախումների ոստիկանության հետ, ինչպես տեղի ունեցավ հուլիսի 20-ի երեկոյան, երբ իրավիճակի վրա այլևս ազդեցություն չուներ նույնիսկ ողջ գործընթացում ակտիվորեն ներգրավված Նիկոլ Փաշինյանը:

Մենք այդ օրը ականատես եղանք մի երևույթի, որը չէր հանդիպել նախկինում: Ակտիվությունն ամբողջությամբ փոխանցվել էր ոչ ադեկվատ ու ագրեսիվ տրամադրված զանգվածի ու ակցիան ուղեկցվում էր լոկալ կոնֆլիկտներով, հրմշտոցով, ուղիղ եթերում հնչող հայհոյանքներով: Կրկնեմ, դա առաջին հերթին ադեկվատ ղեկավարի բացակայության հետևանք էր:

Բնականաբար, հուլիսի 20-ին շատ արդյունավետ աշխատում էին սադրիչներ: Սա ասում եմ որպես իրադարձությունների ականատես: Ակնհայտորեն բախումը սկսվելու պահին ու դրանից հետո էլ այդ գործընթացին մասնակցում էին ընդամենը 30-40 մարդ: Հավաքվածների մնացած 95 տոկոսը պասիվ կանգնած հետևում էր:

Եվ վերջապես, գոյություն չունի հստակ գործողությունների ծրագիր: Դա ևս ապացուցել են վերջին օրերի գործողություններում օրինաչափության բացակայությունն ու անընդհատ հնչող՝ <<Հարգելի մասնակիցներ ի՞նչ առաջարկներ կան, հիմա ի՞նչ անենք>> հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել