Իսկ ի՞նչ եք արել ԴՈՒՔ / «Գարեգին Նժդեհ» /Մաս 1
Վերջապես ես էլ մեծ մտավախությամբ որոշեցի նայել վերջին շրջանում ամենաշատ քննարկվող ֆիլմը: Ամեն դրվագում փորձում էի գտնել ինչ-որ մի թերություն քննադատներին արդարացնելու համար, բայց ինչքան շարունակվում էր ֆիլմը, այդքան ավելի մեծանում էր հիացմունքս: Անգերազանցելի դերասանական խաղ, օպերատորական աշխատանք, երաժշտական ձևավորում: Անձամբ ինձ համար բացահայտվեցին երկու մեծ դերասաններ՝ Արտաշես Ալեքսանյանը և Շանթ Հովհաննիսյանը: 
Որո՞նք էին քննադատության հիմնական ուղղությունները՝ 
1. Դերասանների սխալ ընտրություն
- Ֆիլմը նայելուց հետո միանգամայն փակվում է այս թեման: 
2. Նժդեհի ոչ ամբողջական կերպարի բացահայտում
- Ֆիլմը նայելուց հետո պարզ է դառնում, որ ռեժիսորը շեշտը դրել է Նժդեհ-մարդու, այլ ոչ թե Նժդեհ-զորավարի կամ Նժդեհ-փիլիսոփայի վրա: Դա բնական է, քանզի բոլորին է հայտնի, թե նա ինչ զորավար է կամ փիլիսոփա, իսկ այստեղ բացահայտվում են ավելի անհայտ դրվագներ: Բացի դրանից ֆիլմը ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ Է, այլ ոչ թե ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ուստիև բնական է, որ պետք է գերակշռեն ավելի դրամատիկ պահերը: Ըստ իս՝ ֆիլմը ստեղծված է ՀԱՅԻ համար, ու այս ֆիլմը նայելով չի, որ մենք պետք է իմանանք, թե ինչ մարտեր է վարել Նժդեհը: 
3. Նժդեհի «գերհուզական» կամ «լացկան» կերպար
- Իսկ փորձե՞լ եք խորը մտածել, թե որ դրվագներում է նա լալիս, ինչ կաներ նրա փոխարեն յուրաքանչյուր մարդ-արարած՝ անկախ նրանից զորավար է, թե շինական: Ֆիլմի վերջն ամենաազդեցիկն է՝ տպավորություն է, թե Նժդեհը լալիս է իր անազատության համար, բայց ՈՉ: Մեծ վիրավորանք է մեծ զորավարի համար, ով կյանքն է նվիրել հայրենիքի մի կտորը պահելու գործին, թույլտվություն պետք է խնդրի մի բուռ հող վերցնելու համար: 
Եվ ընդհարապես ի՞նչ եք արել ԴՈՒՔ (տարբեր շարժումներ, խմբեր, անհատներ, ինքնահռչակ ընդդիմադիր գործիչներ), որ քննադատում եք այս թիմի անգերազանցելի գործը: Այնքան հեշտ է երկու ժամ նստել փափուկ աթոռին, գալ տուն, նստել համակարգչի դիմաց և մատների մի քանի շարժումով ջուրը լցնել մի ամբողջ աշխատանք: Ամեն քննադատությունից առաջ Ձեզ տվեք հետևյալ հարցը՝ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ ԵՍ ԱՅԴ ՈԼՈՐՏՈՒՄ, ՈՐ ՔՆՆԱԴԱՏԵՄ: «Նժդեհի վատ կերպավորումից վիրավորված հայրենասերներ», հիշեք՝ «Քննադատել հոգեպես տառապել է նշանակում» Գ. ՆԺԴԵՀ: 

Մաս2
(սերիալատանջ սերնդի հանդիպում Նժդեհի հետ)

Իմ հետևի նստարանում դպրոցականներ էին, ովքեր եկել էին դասղեկի հետ ֆիլմը դիտելու: Եվ ցավալի էր, որ ամեն դերասանի ելույթի ժամանակ լսում էի՝ «վայ Արամը, լորդը» և այլն: Ինչ-որ տեղ մեղադրել չի կարելի: Ամեն օր սերիալ ներարկվող սերնդին դժվար է ընկալել, որ կարելի էմեծ էկրանին տեսնել արժեքավոր գործ: Եվ ամբողջ ֆիլմը նրանց համար ծաղրի և զվարճանքի առարկա էր: Դա այն դեպքում, երբ նման ֆիլմերը ստեղծվում են առաջին հերթին այդ տարիքային զանգվածի համար: Այ սա արդեն իրոք մտածելու ու քննադատելու տեղիք է տալիս: 

Հ.Գ. Շնորհակալություն ֆիլմի ստեղծագործական խմբին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել