Սերժ Սարգսյանը բացարձակ ալոգիկ ու մեղմ ասած զարմանալի պատասխան է տվել Արաբկիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ հեռուստաեթերը սերիալներից մաքրելու վերաբերյալ հարցին։ Նախագահն ասել է.
«5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա՝ հայկական: Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է հայկակա՞ն սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական»։
Ինձ համար խորապես անհասկանալի ու բացարձակապես անընդունելի է հարցի նման մոտեցումը։ Եթե մենք պետք է բրազիլական ու մեքսիկական աղբը փոխարինենք հայկական աղբով, դրանից աղբի «հոտը» ավելի լավը չի դառնում, քանի որ այն, միևնույն է, աղբ է։
Քավ լիցի, ես դեմ չեմ, որ հայկական սերիալներ նկարահանվեն ու ցուցադրվեն, բայց ի՞նչ պարտադիր է այժմ հեռարձակվող սերիալների, որոնք ԲՈԼՈՐՆ անխտիր աղբ են, որակը այսքան ցածր մակարդակի վրա պահել։ Ըստ այդմ, մի՞թե նախագահի իրավասություններում բացակայում է ինչ-որ նորմերի մշակման իրավունքը։ Ասել է թե՝ մի՞թե վատ կլիներ, որ ասենք նախագահին կից հանրային խորհուրդը սահմաներ, որ սերիալներում չպետք է լինեն ինցեստի, ընտանեկան ու սեռական բռնության տեսարաններ, քրեական աշխարհի հերոսացում ու արատավոր այլ երևույթների քարոզչություն, իսկ նախագահն էլ՝ որպես հասարակության իրավունքների երաշխավորող, հաստատեր նման առաջարկը։
Ախր ո´չ դերասանները ավելի պակաս գործ կունենային, ո´չ էլ հասարակությունը հեռուստաէկրաններից կստանար աղբի այն հսկայական չափաբաժինները, որոնք մատուցվում են այսօր։
Կից նյութը` այստեղ