Այն ինչ տեղի ունեցավ երեկ Խորենացի փողոցում բազամթիվ քննարկումների առիթ է դարձել: Հնչում են կարծիքներ առ այն, որ պետք չէր գնալ բախումների, շատերն էլ նշում են, որ ոստիկանության գործողություններն էին անհամաչափ:
Ինչևէ, կուզենայի անդրադառնալ 22:00-ի սահմաներում տեղի ունեցած բախումներին: Ըստ էության կոնֆլիկտը ցուցարարների մի խմբի և ոստիկանների միջև էր և այդ խումբն ամբողջությամբ չէր արտահայտում բոլոր ցուցարարների տեսակետները:
Նիկոլ Փաշինյանը հանդարտացրել էր ներկաներին և պայմանավորվել, որ մեկ ժամից խոսելու է ոստիկանության հետ և փորձելու է խնդրին որոշակի լուծում գտնել: Ի՞նչ տեղի ունեցավ... նրա գնալուց հետո որոշ մարդիկ հայտարարեցին, որ հիմա են պատասխան ակնկալում, հակառակ դեպքում առաջ են շարժվելու: Ու տպավորությունն այնպիսին էր, թե իրենք էլ իրենց ասած ժամկետի հետ էլ համաձայն չէին ու չէին կողմնորոշվել՝ առաջ են շարժվելու, թե՞ Տիգրան Մեծ փողոցն են փակելու: Սկզբում ասացին 10 րոպե ենք սպասելու, որից 4 րոպե անց սկսվեց իրարանցում:
Բոլոր տեսագրություններում պարզ երևում է, որ ակնհայտ սադրանք է տեղի ունեցել: Ազատության և Ա1 պլյուսի կադրերից երևում էին մի խումբ երիտասարդներ, որոնք ամենայն հավանականությամբ ոչ թե երկիր փոխելու էին եկել, այլ խոիլիգանություն անելու՝ հայհոյանքեր, քարեր նետել և այլն:
Իսկ ինչ ստացվեց դրա արդյունքում: Պարզից էլ պարզ էր, որ նման գործողությունները ոստիկանության համար առիթ է հանդիսանալու, օրենքի շրջանակներում գործողությունների գնալ: Մանավանդ այն դեպքում, երբ ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր էին նետում ու հարձակվոմ ոստիկանության վրա:
Հանուն արդարության պետք է նշել, որ ոստիկանությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկի, եթե չլիներ հարձակում: Ու դա ոչ թե բոլոր ցուցարարների նախաձեռնությունն էր, այլ մի խումբ արկածախնդիրների սադրանք: Թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պատկանելություն ունեն, դեռ պարզ չէ:
Մյուս կողմից էլ հստակ է, որ ամենասկզբում մարդիկ հավաքվել էին արյունահեղություն թույլ չտալու համար, իսկ այս պայմաններում հարց է՝ արդյո՞ք արյուն թափվելու հավանականությունը չի բարձրանում: