Չէ, հասկանալի է, որ ծնողներն ինչքան էլ ասեն՝ «էրեխեքը, էրեխեքը», 26 տարեկան Գառնիկ Հովակիմյանը և 31 տարեկան Էդգար Սողոմոնյանը չափահաս տղամարդիկ են ու այն տարիքում չեն, որ ամեն ինչ գալու էին ծնողներին պատմեն կամ նրանց թույլտվությունը հարցնեին՝ նոր գնային «ինչ-որ բան» անելու, մանավանդ, որ այդ «ինչ-որ բանը» ընկերական հավաքույթ կամ նման միջոցառում չէր, այլ զինված խմբով՝ ոստիկանության ստորաբաժանման վրա հարձակում:
Բայց հարց, ամեն դեպքում մնում է. նրանք իսկապե՞ս հստակ իմացել են ուր են գնում, ինչ են անելու, թե՞ ինչպես ասուլիսում ծնողներից մեկը նշեց՝ իմացել են, որ միտինգի են գնում:
Հարցն առավել քան տեղին է, որովհետև տիկին Մարինեի ներկայացրածի համաձայն, իր որդին մոտ մեկ ամիս առաջ է վերադարձել Ռուսաստանից, որտեղ մնացել են նրա կինն ու երեխան: Մոր պատմելով, եկել է անձնագիրը փոխելու: Եվ, մեկ ամիս անց հայտնվել է բոլորովին ուրիշ տեղ, կոնկրետ՝ զինված խմբի կազմում, որպես ՊՊԾ գունդը գրոհողներից մեկը:
Մյուսը՝ էլ ավելի բարդ կացություն է. զավակը հաշմանդամ հորը թողել է, Սպիտակից եկել է Երևան ու էլի՝ հիմա ՊՊԾ գնդի տարածքում է: Չնայած, հոր խոսքերով՝ «քաղաքականությունից հեռու» մարդ է իր որդին: Եվ հարց է ծագում, թե հանրությանը քիչ թե շատ ծանոթ դեմքերից բացի, մյուսները, որ այդ խմբի կազմում են, ինչպե՞ս են այնտեղ հայտնվել ու ներգրավվել: Միտինգի՞ էին գնում, թե՞ գոնե գիտեին, թե ուր են գնում: Թե՞ հոսանքն ընկած «տարվել են»: Երևի մի ինչ-որ ժամանակ այս հարցերն էլ պատասխաններ կունենան:
Հետաքրքիր էր, որ ընթացքում, երբ փորձ արվեց ճշտել՝ իրո՞ք էնտեղ են նշված մարդիկ, նախ լրագրողներից մեկը հայտարարեց, թե՝ Պավել Մանուկյանից ճշտել են, իրենց շարքերում նման մարդ չկա (ո՞ր մեկը՝ «չկա»): Բայց շատ կարճ ժամանակ անց մեկ էլ մի ուրիշ լրագրող ասաց, թե՝ այդ տղան (լավ չֆիքսեցի պահի տակ, թե ո՞ր մեկը) հայտարարել է, որ իր կամքով է մասնակցել տեղի ունեցած գրոհին ու մնացյալին:
Բայց ո՞վ կարող է դրանում վստահ լինել: Վերջին հաշվով, կողքդ զինված մարդիկ են, դրանից բխող հետևություններով, ու բնական է, ծնողներն էլ չհավատացին, ասելով, դե թող իրենց երեսին ասեն այն, ինչ հայտարարում են:
Չգիտեմ, գուցեև դրա հնարավորությունն էլ լինի:
Բայց մեծ հաշվով, տեղի ունեցածը իր ողբերգական մանրամասներով է՛լ ավելի ահավոր է պատկերվում: Մի կողմից սպանված հայ մարդ՝ Արթուր Վանոյանը, ում տղայի հարսանիքը պիտի լիներ… Վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվող: Ազատամարտին մասնակցած ու հերոսական նկարագրով հայտնի հայ մարդկանց ողբերգություն: Այս ծնողների ողբերգությունը: Պատանդները ու նրանց անորոշ ճակատագիրն ու նրանց հարազատների վիճակը, որ…
Ու քանի՞սն են պատանդները: Միայն ոստիկանության երկու բարձրաստիճան սպա՞, այլ ծառայողնե՞ր: Թե՞ արդեն բոլորս ենք այս փակուղայինից էլ փակուղային կացության պատանդը:
Ինձ այնպես է թվում, որ թե Պավել Մանուկյանը, թե Արայիկ Խանդոյանը, թե զինված խմբի մյուս անդամներն իրենք էլ են պատանդ: Ասուլիս տված ծնողների որդիների մասին էլ չեմ ասում:
Հայրը ուզում է, խնդրում է, որ Պավել Մանուկյանը որդուն թողնի: Հաշմանդամ մարդ է, որդին էլ՝ նրան խնմաողն է: Բայց իրավիճակի ողբերգականությունն էլ ավելի ընդգծող մյուս հարցն էլ այն է, որ եթե զինված խմբի անդամները նրան թողնեն (հազիվ թե նման բան անեն, բայց՝ եթե), ապա 31-ամյա Էդգար Սողոմոնյանին կբռնեն իրավապահները: Բնականաբար: Ոստիկանության գնդի վրա զինված հարձակվելու համար հո պատվոգիր չեն տալո՞ւ…
Այնպես որ, ինչ էլ ասվի, ստեղծված կացությունից միակ խելամիտ ելքն այն է, որ այս փակուղային կացությունն ստեղծած զինված խումբը, համաձայնեցնելով ինչ-ինչ պայմաններ, զենքը վայր դնի ու հանձնվի իրավապահ մարմիններին՝ դադարեցնելով թե մյուսների, թե իրենց, թե բոլորի պատանդված վիճակը: Եվ հակառակը՝ որքան ձգձգվի այս անորոշ ու լարված կացությունը, այնքան ավելի վատ՝ բոլորի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել