Barometer.am-ը գրում է.
Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երևանյան իրադարձությունները։ Իրադարձություններն են մեկնաբանում BBC-ն, The Guardian-ը, The New York Times-ը, Reuters-ը, Deutsche Welle-ն, Al-Jazeera-ն, France 24-ը և ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները։
"Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասել է, որ իրենք նախ և առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։ "Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, և խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն՛"։ Հարցի մյուս հատվածին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող այս գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարևան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ "Հույս ունենք՝ ոչ՛", ասել է նա, շարունակելով, "ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով"։



