Որքան հասկանում եմ՝ ապստամբների հույսերը, թե ՊՊԾ շենքը գրավելուց հետո ժողովրդական բավարար հուզումներ կլինեն իշխանափոխության պահանջով, դեռևս չեն արդարանում: Հուզումներն ու մարդկանց հավաքները հիմնականում մի նպատակ ունեն՝ թույլ չտալ իշխանություններին գրոհով վերցնել շենքը:
Իրավիճակի ներկա դասավորության պարագայում ապստամբների կողմից առաջ քաշված իշխանափոխության պահանջը գրեթե անիրականանալի է՝
ա/ չկան անհրաժեշտ ճնշումն ու հուզումները,
բ/ իշխանությունները չորս ոսստիկանի ու երկու պաշտոնյայի համար հրաժարական չեն տա, քանի որ այդ դեպքում իրենցից հարյուրավոր գլուխներ կթռնեն:
Օրակարգում մնում է բարեփոխումների պահանջը:
Այստեղ արդեն դեր է խաղալու իշխանական համակարգի արժանապատվության հարցը: Նախ, սպանվել է ոստիկանական գնդապետ, և իշխանությունները սա հեշտ մոռացության տալ չեն կարող ու վրեժխնդրությունը մեծ տեղ է ունենալու նրանց մտածումներում: Հաջորդը՝ իրենք մտածում են, որ պետություն են ներկայացնում, որը պիտի լինի կոշտ նման իրավիճակներում: Երրորդ, իշխանությունները մտածելու են, որ եթե հիմա զիջեն, ապա շենք գրավել՝պայման թելադրելը կառնա առօրեական երևույթ:
Երկրի շահը պահանջում է անարյուն ելք իրավիճակից: Անհրաժեշտ են բանակցություններ, փոխզիջումներ: Նման դեպքում ավելի շատ զիջում է պակաս ուժեղ կողմը: Հաշվի առնելով, որ այս պահին ուժերը հավասար չեն, և ուժեղը ակնհայտորեն իշխանություններն են, ապա իրենք էլ լինելու են քիչ զիջողը բանակցություններում:
Ինչևէ, բանակցություններն անխւսափելի են, դրանք պիտի կայանան՝ նպատակ ունենալով՝
ա/ պահպանել ապստամբների կյանքը,
բ/ երկրին բերել բարեփոխումներ,
գ/ երկիրը հեռու պահել աղետից:
Կարելի է, իհարկե, հոխորտանքներ ու մեղադրանքներ ներառել բանակցություններում, ինչն իշխանական կողմը չի ընդունի, բանակցությունները կտապալվեն և կլինի արյուն: Այդ դեպքում արյան համար անհատապես պատասխան պիտի տան նրանք, ովքեր տապալեցին բանակցությունները:
Ամբողջ 25 տարի ընդդիմադիրների ու բողոքականների հաշվարկները չեն իրականացել, բոլոր շարժումները ջախջախվել են անարդյունք: Պատճառը եղել է առաջնորդների ավելորդ մաքսիմալիզմը և անիրատեսությունը: Հիմա էլ կան պայքարը հաղթական ավարտի հասցնելու տրիբուններ: Իրականությունն այնքան ժանտախտային է, որ արմատական փոփոխությունների կարիք է զգացվում: Բայց այս դեպքը նախորդներից արմատապես տարբերվում է. այս անգամ ավելորդ մաքսիմալիզմն ու անիրատեսությունն արժենալու են ապստամբների ու գուցե նաև պետության կյանքը:
Այնպես որ՝ պայքարի տրիբունները պարտավոր են լավ հաշվարկել իրենց քայլերն ու կշռել իրենց խոսքերը