Շատ եմ զայրացած: Ու հիմնականում իմ ՔՊ-ական ընկերների վրա: Գրեթե երկու տարի Քաղաքացիական Պայմանագիրը, որպես ինստիտուտ հայտարարել է քաղաքական մշակույթի ձևավորման առաջնահերթ գերխնդրի մասին: Կուսակցության ասելիքի հիմնաքարն էր այն ՓԱՍՏԸ, որ առանց ինստիտուցիոնալ ուժերի ձևավորման Հայաստանում չի կարող լինել որևէ առաջընթաց: ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանի շուրթերով, ամեն տեղ անընդհատ կրկնում էր «թիմ, ծրագիր, ինստիտուտ» մանտրան: Աղոթք դարձած «թիմ, ծրագիր, ինստիտուտ»ն արդեն սկսում էր մտնել օրակարգ: Սա էր իմ և իմ նման շատերի համակրանքի պատճառը: Ես տեսնում էի հստակ տրամաբանական ծրագիր, որը, նույնիսկ ձախողվելու դեպքում, հետք կթողներ մեր հասարակության ընդհանուր ընկալման վրա: Իրադարձությունները, մասնավորապես Հրազդանում, ցույց տվեցին որ ճանապարհը ճիշտ էր ընտրված, որ ժողովուրդը կհաղթի այն պահին երբ հասկանա իր ձայնի արժեքը և կսկսի հետևել այդ «թիմ, ծրագիր, ինստիտուտ»-ին յուրաքանչյուր կուսակցության կատարմամբ: Քանի դեռ ՀՀԿ-ն և իր «ընդդիմությունը» ամեն ինչ անում էին որ գոյություն ունեցող քաղաքացիական ապատիան էլ ավելի խորանա, որ ժողովուրդը էլ ավելի անվստահ լինի ընտրական մեխանիզմների նկատմամբ, ՔՊ-ն շարունակում էր քամու դեմ պայքարել: Անկախ իշխանության գրոհներից, անկախ պսևդո-ընդդիմության հեգնանքից, անկախ նախկին ընկերների աբիժնիկությունից... Հրազդանում պարտություն ընդունելը մեծագույն նվաճում էր հայ ժողովրդի քաղաքական մշակույթի կայացման գործում, անկախ դրանից հետո հետևած հարվածների: Մոտ ապագայում կլինեին նոր նվաճումներ: Այսօր այդ նվաճումը ջուրը գնաց:

Այսօր ահաբեկչություն կատարած խմբավորումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին տարավ մոլորեցնելու ճանապարհով: Եվս մեկ անգամ փորձ է արվում ցույց տալու, որ ուժով ինչ որ հարց կարելի է լուծել, որ ժողովրդի մանդատը կարևոր չէ, որ քո «մաքուր», «կարգին տղա» լինելը ինքնին մանդատ է: Հերթական անգամ մեր ռազմավարական դաշնակիցը կիրառում է հին ու փորձված մեթոդը: Այսօրվա կատարվածի հեղինակները և ոճրագործները իմ համար դասվում են Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործների կողքին: Ստեղ կապ չունի մոտիվը, բոլորի մոտ նույն մոտիվն ա... Բոլորը ուզում են որ «լավ ելնի»: Սակայն արի ու տես, որ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մասին կանոնադրությունում համապատասխան դրույթներ ամրագրած ՔՊ-ն, խլեշախառը չի դատապարտում Սեֆիլյանենց: Իսկ կուսակցության անդամները նույնիսկ համակրում են ահաբեկիչներին և, իրավացիորեն անազատության մեջ գտնվող, ահաբեկիչների ղեկավարին: Ընկերներ, այսօրվա կատարվածը դեմ է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության բոլոր հիմնադիր դոգմաներին: Վերջին մեկ տարվա ընթացքում ոչինչ այդպես չի վնասել ՔՊ-ին ինչպես այսօր այդ հանցագործները: Ոչ Շմայսը, ոչ ՀՀԿ ուրիշ որևէ անդամ նման հարված ՔՊ-ին չէր կարողացել հասցնել: Սրա արդյունքում ժողովուրդը էլ ավելի ա հիասթափվելու, էլ ավելի է լինելու հակված իր ձայնը ծախել, էլ ավելի է հակված լինելու գնալ տգետ, պոպուլիստ, անպիտանների հետևից: Քաղբանտարկյալ եզրույթը վերջնականապես կարժեզրկվի և վերապահված կլինի ցնակացած հանցագործի, իսկ Երևանը, ըստ պլանավորվածի, ավելի ու ավելի կնմանվի մերձ-արևելյան քաղաքներից մեկի... Հենա Սեֆիլյանը կակ-ռազ լավ փորձ ունի:

Չեմ հասկանում ոնց ա, որ ես, մի մարդ ով այսօրվա ՔՊ անդամներին հակառակ ճամբարում է եղել 2008 թվին, դատապարտել եմ Մարտի 1-ի ոճրագործներին, բայց այն մարդիկ, ովքեր անձամբ են այդ ոճրագործության զոհ եղել այսօր համակրում են ահաբեկիչներին...

Իրենց պարտավորություններ պատշաճ չկատարած ոստիկաններին խստագույն պատիժ պետք է սպասի: Սա է պատճառը, որ հիմա պատանդի կարգավիճակում հայտնված անձանց նկատմամբ չունեմ խղճի զգացում:

Ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար անազատությունում գտնվող Սեֆիլյանին պետք է միանան իր բանդայի բոլոր անդամները:

Բանդայի բոլոր կապերը ՌԴ-ի հետ պետք է հրապարակվեն: Այս լյուստրացիան խիստ անհրաժեշտ է՝ ՀՀ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել