Իմ խորին ափսոսանքն ու հիասթափությունն եմ արտահայտում այսօր Երևանում Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով հանդես եկած զինյալների խմբի և ոստիկանական ուժերի ողբերգական դիմակայության կապակցությամբ: Ցավակցում եմ զոհված ոստիկանի ընտանիքին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում: Գտնում եմ, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում գործող իշխանություններն անհամարժեք կոշտ հակազդեցություն ցուցաբերեցին քաղաքական այլախոհության կրողը հանդիսացող գործիչների հանդեպ, ինչը, վստահաբար, խթան հանդիսացավ նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մի շրջանակի մոտ այն համոզմունքի արմատավորմանն, ըստ որի ՀՀ գործող վարչակազմի հետ անհրաժեշտ է խոսել ուժի դիրքերից, քանի որ այլ կերպ երկրում անհնար է որևէ բան փոխել դեպի լավը: Ուժային միջոցների կիրառումը մեր պայմաններում ոչ միայն արդյունավետ չէ, այլև անչափ վտանգավոր՝ անկախ այն բանից, թե բռնությանն ապավինողը ՀՀ քաղաքական ղեկավարությունն է, թե ընդդիմադիր ուժերը, քանի որ այդ կերպ է ձևավորվում այն միջավայրը, ուր բանականությaն ու քաղաքական նպատակահարմարության սկզբունքերն իրենց տեղը կզիջեն մեր հանրային կյանքի բոլոր մակարդակներում արմատավորվող կենցաղային քինախնդրությանը: Ամեն դեպքում գտնում եմ, որ ՀՀ իշխող քաղաքական վերնախավը որակապես կերպափոխվելու հրամայականի առջև է կանգնած և եթե համապատասխան հետևությունները չանի, ապա լրջագույնս կվտանգի թե երկրի, թե մեր ժողովրդի և թե սեփական ապագան, քանզի հենց իշխող վերնախավն է իր պահվածքով պահվածք պարտադրում հանրությանը: Այս պահին հույս եմ հայտնում, որ կողմերն ամեն ինչ կանեն նոր զոհերից խուսափելու համար և կկարողանան բանակցելու միջոցով ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: