Ի՛նչ է նշանակում «ՍՈՎԵՏՆԵՐ»:
Արդյո՞ք դա հայրենիք է, ազգ, գերագույն իրականություն: - Ո՛չ մեկը և ո՛չ մյուսը: Դա նաև հավիտենապես ապրելու և ստեղծագործելու սահմանված ազգերի ու հայրենիքների միություն չէ: Սովետները - հոգևոր ու ազգային տեսակով ո՛չ Ռուսիա է, ո՛չ Ուկրաինա, ո՛չ էլ Հայաստան: Դա օրգանական ամբողջություն չէ: Դա քաղաքական զանգված՛ է, զանգվածների մեռյալ միություն, և ո՛չ մի դեպքում՝ ազգ, ցեղային և հոգևոր դիմագծության, իր ճակատագրի, իր երկրի տերը: Այնտեղ չկա՛ ազգայինը: Այդ միության մեջ ո՛չ ոքի տրված չէ իրավունք խորհել ու գործել ըստ իր երկրի պայմանների և իր պատմական առաքելության:
Սովետի ժողովուրդները տառապում են նաև կուլտուրական պարտվողականությամբ, անտարբերությամբ, որովհետև նրանց արգելված է ապրել իրենց անցյալը: Անհեթեթություն է ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական մշակույթը, որի մասին հաճախ կրկեսային աղմուկ է բարձրացնում սովետական մամուլը: Այդ պայմաններում տեղի է ունենում ժողովուրդների հոգևոր ֆելլահացումը: Այդ միության գլխին - որի անդամները թքով ու սարսափով են կպված իրար - կանգնած է մի հատիկ մարդ՝ Ստալինը, որից վայր ամբոխներ են, վերևը՝ գոյություն չունեցող աստված:
Այսպես ստեղծվեց բռնակալություններից ամենաասիականը, որում վաղուց են մոռացվել մարդն ու մարդկայինը:
Սովետները ավելի ինտեռնատիոնալ եղան, քան պետություն: Դա պետություն է այն չափով, ինչ չափով պետականության երևույթը անհրաժեշտ էր օտար երկրների հետ դիվանագիտական կապ պահելու՝ հենց այդ վերջինները ականելու համար:
Որքան վատ (մարդկության համար), այնքան լավ. ա՛յս եղավ ու մնաց իր դիվային նշանաբանը: Ամբողջ երկու տասնամյակ նա օրորվեց համաշխարհային բունտի ցնորքով, որի պրոպագանդի համար ոսկու Նիագարա թափվեց:
Դավանելով միայն և միմիայն բացասական իդեալներ՝ նա մնաց նիհիլիստ, քանդիչ թե՛ միության ներսում և թե՛ արտաքին քաղաքականության մեջ:
Արդյո՞ւնքը - իր երկրի կյանքը վերածեց դժոխքի, արտաքին հարաբերությունները՝ դավադրության: Նա չդադարեց օգտագործել ազգերի ներքին վարչաձևային, սոցիալական, տնտեսական դժվարությունները, ազգամիջյան ոխերը, նախանձները, փառասիրությունները: Մասնավորապես շահագործեց ազգային խնդիրը - երկդիմորե՛ն, Ասիան գրգռելով Եվրոպայի, գունավոր ցամաքը՝ ճերմակ ցեղի դեմ:
Չմնաց կազմակերպություն, հաստատություն, որի մեջ պղծություն չմտցներ: Չմնաց ուժ, տերություն, որ կաշառել չփորձեր:
Օգտվեց միջազգային սպորտից, ֆրանմասոնությունից, շարժանկարից, ազատ քրիստոնեությունից - անգա՛մ եկեղեցուց՝ այդ բոլորը լծելով իր պրոպագանդի արնոտ կառքին: Լինելով կապիտալիստ երկրների մահացու թշնամի` բարեկամություն կեղծեց բոլորի հանդեպ՝ խռովքի ու տագնապի մեջ պահելով ողջ մարդկությանը: Մասնակցեց համաշխարհային շախմատախաղին, սակայն միշտ էլ՝ անպատիվ, խաղանենգ: Խաղաղության թշնամի՝ դաշինքներ կնքեց՝ իբրև թե խաղաղության ծառայելու ու պատերազմը սահմանափակելու հաշիվներով: Թուրքը նաև արտաքին քաղաքականության մեջ հանդիսացավ բոլշևիկների պապը: Մոսկվան՝ մեր օրերի կարմիր հիվանդը, համիդաբար օգտվեց Եվրոպայի ներքին անհամաձայնությունից` երկարաձգելով իր քաղաքական հոգեվարքը: Ո՛չ թե դեմոկրատիա, այլ՝ դեմոնոկրատիա - դիվապետություն, ահա՛ թե ինչի՛ վերածվեց սովետիզմը:
Այդ դիվապետությունը, միշտ հավատարիմ իր օձային բնության, բարեկամություն կեղծելով Ռայխին, դավեց վերջինի դեմ և առիթ տվեց պատերազմի իր և երեկվա իր բարեկամի միջև:
Այժմ աշխարհի 1/6-ի և համաշխարհային հեղափոխության երազի պաշտպանությունը հանձնված է կարմիր բանակին: Ի՞նչ է, սակայն, այդ ուժը իբրև կազմակերպություն, տեխնիկա, բարոյական: Բանա՞կ է դա՝ օրվա հասկացողությամբ, թե՞ մեծազանգված մի բանդա - ատակ սանձված պահելու միության ժողովուրդների դժգոհությունը և ո՛չ թե արտաքին թշնամին: Բանակ չէ՛ դա, այլ՝ կուսակցական զինյալ ամբոխ՝ ընդունակ միայն շուք ու փայլ տալու բոլշևիկյան բազմապիսի հանդեսներին: «Քսերքսեսի բանակում չափից ավելի մարդ և չափազանց քիչ զինվոր կա» - Հերոդոտոսի այդ խոսքը հարազատորեն պատշաճում է նաև սովետական զինվորներին:
Հաղթում են նրանք, որոնք իրենց կամքը դնում են ի սպաս մի գերագույն, մի սրբազան կամքի: Բանակ դառնալու համար՝ կարմիր բանակին պակասում է հենց այդ գերագույն կամքը: Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա: Լենինյան նյութապաշտությունը ռուս բանակը վերածեց անաստված սրիկաների: Մարտական ոգուն թշնամի է ո՛չ միայն հակակրոնը, այլև կրոնապես անտարբերը: Հաղթական մարդիկ չեն ծնվում նյութապաշտիկ մարքսականությունից, ընկերվարությունից: Զինվորությունը - ամեն բանից առաջ- հոգեվիճակ է: Իբրև արվեստ՝ դա հայրենի հողի համար խիզախել ու մեռնել գիտենալու արվեստ է: Կարմիր բանակը թիվ ունի, տեխնիկա ունի, ամուր դիրքեր ունի, աշխարհի 1/6-րդը ունի, բայց զուրկ է ռազմախանդի աղբյուրից:
Սոցիալիզմի կաթեխիզմում ասված է. բանվորը հայրենիք չունի: Բոլշևիկները՝ չարության ու քանդումի ուսուցիչները, միայն չհասկացան, որ անհայրենիք թշվառականներից բանակ չի՛ ստեղծվի: Անաստված ու հոգեբանությամբ անցեղ, որով՝ հավիտենականի զգացումից զուրկ է կարմիր բանակայինը, իսկ նմանը զինվոր չի դառնա, եթե նրան զինեն անգամ ամենաարդիական զենքերով: Դա կմնա մարդկային փոշի, երբ ցեղային տարերքի մեջ մկրտված գերման զորքի հարվածները թողնում են երկնքից ընկած շանթաքարի տպավորություն:
Խորհրդային զորքին պակասում է ո՛չ միայն բարոյականությունն ու հավատը, այլև՝ ուղեղը, դա շտաբ, սպաներ չունի:
Որքան առաջացել է ռազմարվեստի բարեշրջումը՝ այնքան հետ է մնացել կարմիր բանակը: Մոսկվան չհասկացավ, որ ազգերի պես, բանակներն էլ չեն կարող զորավոր լինել՝ առանց հոգևոր հիմքերի, արժեքների, սրբության զգացումի: Դասակարգային անկերպարան ու ահոգի կոլեկտիվն սպանեց մարդ-անհատը, նրա նախաձեռնության ոգին, պատասխանատվության զգացումը:
Ապագան ու հաղթանակը պատկանում են ո՛չ թե զանգվածին, այլ՝ ոգուն:
Հաղթանակը ո՛չ զենքերի մեջ է, ո՛չ ոտքերի, ո՛չ էլ մոտոռի, այլ՝ այդ վերջինները շարժող ոգու: Գոգոլյան ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻՆԵՐ - ահա՛ կարմիր զինվորը: Չարաբախտ Տրոցկին, հոկտեմբերյան հեղափոխության առաջին օրերին, Կարմիր բանակին ուղղած իր մի հրամանագրի մեջ ասել է. -Ընկերնե՛ր, մի՛ մոռանաք, որ Ղրիմ են փախել Ռուսիո բոլոր կապիտալիստները: Բոլոր հարստությունները ձե՛զ, առե՛ք այդ հարստությունները: Առա՛ջ, այնտեղ ձեր քաշած զրկանքների համար ձեզ սպասում է արդար վարձատրություն:
Կողոպո՛ւտ - ահա՛ խայծը, որով Ռուսական հեղափոխության գռեհկահոգի առաջնորդները կարմիր զինվորին կմղեն կռվի: Թաթարականությո՛ւն է դա, որով դաստիարակվեց Կարմիր բանակը: Փորձե՛ք բաղդատել երրորդ ինտերնացիոնալի այդ կողոպտասեր ամբոխը Ֆրանսիական հեղափոխության զինվորների հետ - որոնք իրենց քաղցը մոռանալու համար՝ պահակրակների շուրջը խանդավառորեն Մարսելիոզ էին երգում - և դուք այլևս պիտի չհարցնեք, թե ո՛վ կհաղթի՝ ցեղախռով Բեռլի՞նը, թե՞ տարիներով ֆասոն, ուժ, մեծություն կեղծող Մոսկվան:
Մարդ - իբրև անհատ թե հավաքականություն - հոգևորապես աճում է այնքան, որքան ազնիվ են իր հետապնդած նպատակները:
Տարիներով կարմիր մարդը դատարկվեց այն ամենից, ինչ որ մարդկորեն ազնիվ է և ազնվացուցիչ: Միայն տգետները, միամիտներն ու անձնապես շահագրգռվածները շլացան Մոսկվայի ցիրկային գովքից իր բանակի մասին: Մոլորանք ստեղծելու սահմանված պրոպագանդային մեծխոսիկություն էր իր՝ «մենք աճում ենք երկաթից» աղմուկը:
Գերման բանակի առաջին հարվածները եկան հաստատելու, որ կարմիր բանակը կավ է, և ո՛չ երկաթ: Տասներորդ օրն է, ինչ Հիտլերի բանակի խոլական զարկերի տակ սովետիզմի կավե կառույցը խորտակվում է իբրև պետություն, բանակ և վարդապետություն:
Եվ արդար է, որ կործանվում է բոլշևիզմը՝ իբրև միջազգային ապականարար, դավադիր և հրձիգ:
Տեղի է ունենում պատմության դատաստաններից ամենաարդարն ու անողոքը: Պատմությունն այս անգամ դատավոր է կարգել գերման ցեղին: Այն առասպելը, թե որևէ պետություն չի՛ հանդգնի չափվել Խորհրդային Միության հետ՝ չուզելով իր բանակը վարակել բոլշևիկյան ուրացությամբ՝ այլևս ցնդած է, որովհետև բոլշևիկյան բանակը հեղափոխական ու մարդկային ոչինչ չուներ իրեն հարվածող թշնամի բանակները հավատափոխելու համար: Չէ՛, նրան էլ չե՛ն փրկի ո՛չ ռուսական անծայրածիր տափաստանները, ո՛չ Խորհրդային Միության ժողովուրդների աստղաբախշական թվերը, ո՛չ կուտուզովյան ռազմավարությունը, ո՛չ էլ լորդիզմը:
Ճիշտ է, պատմական չարագործությունները դարաշրջան չունեն, բայց և այնպես՝ բոլշևիզմ կոչված միջազգային չարիքը կմնա իբրև specificum մեր ժամանակաշրջանի համար:
Մոտավորապես քառորդ դար դա տառապեցրեց ու վատասերեց մարդկությունը, և այսօր պատմության Նեմեսիսի կողմից հանձնվում է հողին:
Մեռնում է բոլշևիզմը, որովհետև ապրել են ուզում եվրոպական քաղաքակրթությունը, քրիստոնեությունը և մարդկային անունը:
Ռազմիկ, 1941թ., թիվ 26, 27