tevanAraratnews.am-ը գրում է.

«Ձերբակալությունները դեռ երկար կշարունակվեն, գուցե այլ դեպքեր էլ են սպասվում` բախումներ եւ այլն: Պետք է գիտակցենք, որ Էրդողանը փորձելու է այդ, այսպես կոչված, ներքին հաղթանակն օգտագործել նաեւ արտաքին դաշտի մեջ՝ կոշտացնելով քաղաքականությունը»,- այս մասին Araratnews.am-ին ասաց Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած դեպքերին եւ դրանցից բխող հետագա զարգացումներին:

Թուրքիայում, հիշեցնենք, անցած գիշեր տեղի է ունեցել հեղաշրջման փորձ, որի հետևանքով հարյուրից ավելի քաղաքացիներ են զոհվել, կան հազարից ավելի վիրավորներ: Մոտ 3 հազար մարդ էլ ձերբակալվել է հեղաշրջման փորձ իրականացնելու մեղադրանքով:

Թևան Պողոսյանը համոզված է՝ Էրդողանը կկոշտացնի ոչ միայն ներքին եւ արտաքին քաղաքականությունը, այլեւ կթուլանան ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքները:

«Այս ամենի ֆոնին պետք է մի բան հասկանանք՝ մենք այնտեղ հայրենակիցներ ունենք, իսկ Էրդողանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ հայերը պետք է հիշեն, թե Թուրքիայում ինչքան հայ է ոչ լեգալ ապրում, ուստի ուշադիր պետք է լինենք, որ այդ մարդկանց նկատմամբ բռնություններ չկիրառվեն»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իր գործողություններում Թուրքիայի նախագահ Էրդողանը կդառնա առավել անկանխատեսելի:

Ինչ վերաբերում է հայաստանյան հանրության արձագանքին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, Պողոսյանը շեշտեց. «Այդ ամենից չպետք է հրճվել, եկեք հրճվենք միայն Հայաստանի հաջողություններով, իսկ ո՞վ է ասել, որ եթե մեկ ուրիշը գա, Էրդողանից լավն է լինելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել