SOS
Նախընտրական այս շրջանում գործող նախագահն ինքն է բարձրաձայնում այն մասին, որ քանի դեռ երկրում ապահովված չէ արդարադատության մարմինների գործունեության օրինականությունը, ապահով Հայաստանի մասին երազել էլ չենք կարող: Միանգամայն իրավացի եզրակացություն, որի տակ կստորագրեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, պարզվում է՝ նախագահից սկսած:
Այժմ այն մասին, թե մեր երկրում գործո՞ւմ է արդյոք արդարադատությունը: Ինձ համար այս հարցի պատասխանը կլիներ 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հանցագործության մասին լրատվությամբ արածս հաղորդման արագ արձագանքը: Հաղորդումն այն մասին էր, որ Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցի տնօրենը աշխատավարձ է դուրս գրում մարդկանց, ովքեր դպրոցում չեն աշխատում: Փառք աստծո, իմ «հայտնագործությունը» գրավեց հանցագործությունների դեմ պայքարող պատկան մարմինների ուշադրությունը, և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, որի համար շնորհակալ եմ: Հաղորդումս կարող էր նաև ընդհանրապես ուշադրության չարժանանալ, որովհետև պարզվում է, որ նշածս հանցանքները տարածված բնույթ են կրում ճիշտ այնպես, ինչպես շինարարության մեջ «ատկատը»: Ինչևէ, ինձ համար մեր քաղաքացիների մուծած հարկերից գոյացող պետբյուջեից յուրաքանչյուր լումա տանելը մեծ մեղք է, որի համար մարդը, նույնիսկ մեր անօրեն երկրում, պետք է պատասխանատվություն կրի գործող օրենքի տառին համապատասխան:
Իրականում վերոնշյալ դպրոցի տնօրենը չի սահմանափակվում միայն չաշխատող մարդկանց աշխատավարձ տալով, նա կրճատման հրամաններով ազատվում է երեխաների կրթությունը հրաշալի կազմակերպող, որպես մանկավարժ իրենից մի քանի գլուխ բարձր կանգնած ուսուցիչներից: Դատարանը 2012թ. դեկտեմբերի 25-ին նրանցից մեկի՝ Գոհար Ստեփանյանի կրճատման հրամանը ճանաչեց անվավեր, սակայն մինչ օրս ուսուցչուհին, նույնիսկ ԴԱՀԿ-ի կատարողի միջնորդությամբ, չի վերականգնվել: Տնօրենն իրեն համարում է օրենքից վեր և չի կատարում դատարանի վճիռը: Մեր իրականության մեջ անմիջապես հարց է առաջանում, թե ո՞վ է այս անօրեն մարդու հենարանը, ո՞ւմ թևերով է նա վեր-վեր թռչում, ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, ով այս օրերին համարձակվում է ապացուցել, թե որքան անհիմն են գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզները:
Անահիտ Բախշյան
07.02.2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել