Նրա մտքերն են այլեւս ծեր… նույնիսկ` շատակեր են: Որքան էլ ցավալի: Անկենդան` մեռած, ոչ ընդդիմադիր:
Առաջին` հիմնադիր նախագահն իրավունք չունի այդքան ու այդպես պեսիմիստ լինել` ոչնչապաշտ դառնալ. դրանով նա իր ստեղծածն էլ է ոչնչացման անեծքի տակ քաշում: Կոդ դնում վրան:
Ընդ որում, նրա այս հարցազրույցը ոչ այնքան երկրի, իր շուրջը տեղի ունեցողի էպիկրիզն է, որքան իր իսկ` Լեւոն ՏերՊետրոսյանի:
Լեւոնն ասում է` այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ:
Հիշողության ինչպիսի կորուստ.
ա/Ո՞վ ստորագրեց Ռուսաստանի հետ Մեծ պայմանագիրը` ռուսական օրհնված ոտքի` Հայաստան մուտքի՝ դրանով այդ ոտքը հավերժացնելով այս հողի վրա:
բ/Ո՞վ էր այս վերջին հինգ տարիների ընթացքում անվերջ բանակցում Ռուսաստանի հետ, փորձում ստանալ նրա քմահաճությունն ու բարեհաճությունը:
գ/Որո՞ւ աղջկան էին կարդացվում ՖՍԲ-ի «ճ» կլասի տեսաբան պարոն Կարախանյանի (կրախ բառի՞ց է առաջացել էս ազգանունը) նամակները:
դ/.Ո՞վ էր փորձում ռուսական պրոյեկտի համարում ունեցող ԲՀԿ-ի հետ «վերլուծվել», ապա եւ Հայաստանի առաջին օլիգարխից նախագահի թեկնածու կերտել ու ողջ ընդդիմադիր, այդ թվում եւ մտքի իրական ռահվիրան, մտածող, եզակիորեն քիչ պատահած` Մատենադարանի փոշիների մեջ մեր հայրերի ոգու հետ շփված Տեր-Պետրոսյանի աջակցությունը նրա վրա դնելով` մեծը փոքրի տեղ օգտագործել….
Նման բաներն, ի դեպ, տիեզերքը չի ներելու ո՛չ էս էթնոսին եւ ո՛չ էլ, որքան ցավալի է, Տեր-Պետրոսյանին, ինչի արդյունքն էլ նրա այս` այլեւս մեռած մտքերն են:
Իսկ մեռած մտքերն ավելի վտանգավոր են, որովհետեւ նրանք արթնացնում են օդում առկա բոլոր մեռածներին ու նրանց… մտքերը:
Հ.Գ. Առայժմ այսքանը. հարցազրույցի քաղաքական բլոկի մասին` օրվա ընթացքում:



