ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ -
ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ
Բանաստեղծություններ
Խնբագիր` Հասմիկ Խեչիկյան
ՀԳՄ հրատարակչություն
Երևան 2010
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի, այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:
ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ -
ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ
Բանաստեղծություններ
Խնբագիր` Հասմիկ Խեչիկյան
ՀԳՄ հրատարակչություն
Երևան 2010
ԿՈՊԻՏ ԽՈՍՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Ուղիղ մի կոշիկի չափ երկիր` ահա թե ինչ էր մնացելնախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի, այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:
ԿԻՐԱԿԻ
Ու թեև կիրակի է, բայց ինձ դժվար թե հաջողվի երկար
մնալ անկողնում, որովհետև ուղիղ ութն անց երեսունին
ճնճղուկները կտցահարում են պատուհանիս ապակին,
հասկացնելով, որ իրենց ամենևին չի հետաքրքրում
աշխատանքային օր է, թե՞ հանգստյան –
ժամանակն է և պետք է հացի փշրանքներ լցնել
պատուհանի գոգին ամեն Աստծու օրվա պես…
Ճիշտ ժամը իննին ինձ ոտի է հանում շենքերում
շրջայց կատարող պառավ մուրացկանը`
դուռս զգուշորեն թակելով.
- Որդյակս, դուք ուզո՞ւմ եք հայտնվել դժոխքում
և ողջ-ողջ այրվել կպրե կարասներից որևէ մեկում,
առանց ներման իրավունքի,- հարգալիր տոնով
հարցնում է նա, վստահ, որ ես ուշի-ուշով
լսում եմ նրան դռան ետևից:
Ես կիսաբաց եմ անում դուռը և թղթադրամը
խոթելով պառավի պատրաստակամ գրպանը,
արագորեն վերադառնում եմ անկողին և փակում եմ
աչքերս, թեթևացած, որ այս անգամ էլ խուսափեցի
կպրե կարասում ողջ-ողջ այրվելու հեռանկարից…
Ժամը տասն անց երեսունին դռանս առաջ են հայտնվում
ճշտապահ եհովայականները` գրքերով ծանրաբեռնված.
- Եղբայր, մի՞թե դու չես ուզում առնչվել մեր Աստծո
ճշմարիտ խոսքին,- քաղցրաձայն դայլայլում է անհայտ
տարիքի մի տղամարդ, պատրաստվելով ներս սողոսկել
կիսաբաց դռանս արանքից, բայց ես արագորեն խլում եմ
գիրքը նրա ձեռքից, փակում եմ դուռը, հայտնելով, որ
գերադասում եմ Աստծո խոսքին առնչվել մենության մեջ,
վերմակով ամուր փաթաթված:
Ժամը տասնմեկն անց երեսունին ինձ զանգում է ՀԳՄ
նախագահը, հայտնելով, որ վերջապես վախճանվել է
վաստակաշատ այսինչ-այնինչյանը և վերջին շնչում
պահանջել է, որ Հովհ. Գրիգորյանը անպայման
ներկա լինի թաղմանը` սև կոստյումով, վշտահար դեմքով
և ճոխ ծաղկեպսակով, հակառակ դեպքում կշարունակի
ապրել ևս մի քանի տարի, անընդհատ փող կուզի
թաղման ծախսերի համար, Ծաղկաձորի ուղեգիր
և հաստափոր գրքեր պետպատվերով իրար ետևից
տպելու իրավունք…
Ժամը տասներկուսին առանց դուռը թակելու ներս է
խուժում թաղի լիազորը, որ շենքի բոլոր
բնակիչներից հազարական դրամ է հավաքում`
Մոզամբիկում ծառատունկ անցկացնելու համար,
ևս հազար դրամ, որովհետև հեռավոր բարեկամն է
եկել Գլենդելից, պե՞տք է մի բան դնել սեղանին թե՞ ոչ…
Տասներկուսն անց երեսունին բջջայինիս վրա մեսիջ է
ուղարկում Իսրայելի պրեզիդենտը, սպառնալով,
որ եթե չվերադառնամ հին ուղղագրությանը, ապա,
նորից կհարձակվի Լիբանանի, և եթե եղանակները
չփչանան, էլի մի քանի այլ երկրների վրա,
որոնց անուններն այս պահին դժվարանում է հիշել; -
Երևի ինչ-որ մեկը կատակ է անում ինձ հետ,
մտածեցի ես, վերմակը քաշելով գլխիս:
Սակայն տագնապս գնալով խորանում էր,
որովհետև մեկ առ մեկ վերհիշելով հեռու և մոտիկ
ծանոթներիս, ես այդպես էլ չկարողացա հավանական
համարել որևէ մեկի թեկնածությունը, որն ի վիճակի լիներ
կատակ անել, թեկուզ և անհաջող…
Կես ժամ անց դուռս թակում է մածնավաճառը
զգուշացնելով, որ եթե այս անգամ էլ
չվերադարձնեմ նախորդ օրերին նրանից գնած
մածունի դատարկ բանկաները, ջարդուխուրդ կանի
պատուհաններիս բոլոր ապակիները և կծակծկի
անվադողերը ավտոմեքենայիս:
Հետո սկսվում է կուսակցականների հանդիսավոր
շքերթը` հոգեցունց երաժշտության ուղեկցությամբ -
նրանք հերթով գրկում ու սեղմում են ինձ իրենց
լայնահուն կրծքին, համոզված, որ ես իմ ձայնը
տալու եմ նրանց, և ես երդվում եմ բոլոր
կուսակցական և անկուսակցական սրբություններով,
որ իմ ձայնն անպայման տալու եմ նրանց - անվերադարձ,
որովհետև իմ ինչի՞ն է պետք ձայնը,
և որ վերջնականապես որոշել եմ կյանքիս մնացած
մի քանի հարյուրամյակն անցկացնել առանց ձայնի,
առանց ծպտուն հանելու, մի խոսքով սուս & փուս…
Հետո գալիս է կիրակի օրվա ամենահրաշալի պահը
ես մաքուր սափրվում եմ, հագնում եմ տոնական
կոստյումս և օղակն անցկացնելով վիզս, հրում եմ
աթոռը ոտքերիս տակից և սկսում եմ խաղաղ ճոճվել
առաստաղի կեռիկին ամրացված պարանից, մինչև որ
կինս վերադառնում է խանութից, զգուշորեն իջեցնում է
ինձ, հարմար նստեցնում է աթոռին ու միասին
անշտապ վայելում ենք
մեր հրաշալի իրիկնային սուրճը,
նայելով, թե ինչպես է մութը խտանում
պատուհանից այն կողմ:
ՎԱԶՔ` ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՈՎ
Հաճելի քիչ բան կա հիշողությունների մեջ:
Նրանք սովորաբար տանջում են մարդուն:
Եվ իսկապես, անցյալի պատկերներից
առավել վառ ու կենդանի են մնում հենց նրանք,
որոնց մեջ դու հմտորեն սողում ես աղբ ու կեղտի մեջ
մի պատառ հացի համար…
…Եվ կյանքը, որ նման է վազքի
աստվածաշնչյան պատվիրանների հաղթահարումով,
և քո ամեն մի ցատկը հերթական
խոչընդոտ-պատվիրանի վրայով
պիտի նույն վազքով հետապնդի քեզ,
մինչև քո վերջին ցատկը
այն փոսի մեջ,
ուր ավարտվում է սովորաբար
քո տառապանքների ուղին,
և հիշողություններից բզկտված
հանդարտվելու ես վերջնականապես –
մի պատառ հացը ատամներիդ մեջ ամուր սեղմած:
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
Ժողովրդների բարեկամության մասին ամենաշատը
սկսում են խոսել պատերազմների նախօրեին և կամ
ազգամիջյան կոտորածների կարճատև ընդմիջումներին,
երբ երկուստեք հոգնում են սուր ճոճելուց
ու միմյանց թրատելուց,
ու ևս մի քիչ` կխեղդվեն արյան ծովերի մեջ,
ահա թե ինչու
փորձում են ժամանակ շահել դիակները թաղելու,
արդյունաբերությունը զարգացնելու համար…
Բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն`
կրթությունը կատարելագործելու նպատակով:
Նոր դպրոցներ կկառուցվեն` մեծ պատուհաններով
և հարմարավետ նստարաններով,
նոր եկեղեցիներ` ավերվածների տեղում:
Նոբելյան և զանազան այլ մրցանակներ կշնորհվեն
գրողներին` արդարություն, գութ ու կարեկցանք,
խաղաղություն գովերգելու համար:
Բայց ամենաշատը
կշահեն երաժիշտներն ու երգիչները,
ամենուրեք` փակ ու հատկապես բաց դահլիճներում
կհնչեն երգ ու երաժշտություն,
հնարավորին չափ բարձր և ուժգին`
խլացնելու աստիճան… Որպեսզի այդ համընդհանուր
աղմուկ-աղաղակի մեջ չլսվի
վիթխարի գործարաններում
արտադրվող նոր զենք ու զրահի թխկոց-չխկոցը…
P.S. Չմոռանամ նշել ամենավտանգավոր պահը.
դա այն ժամանակն է,
երբ տագնապալի խոսակցություն կծավալվի
ծխելու վտանգավորության մասին, այն մարդկանց
առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց
պատրաստվում են գլխովին կոտորել
ընդամենը մի քանի օր հետո:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/yerbeq-chmernes
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել