![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «ՉԻ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության. «Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք՝ Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության»։
Տեր-Պետրոսյանն իրավացի է, երբ նշում է, թե ժամանակն է` ՀԱԿ-ը շարժումից միասնական կուսակցության վերածելու, սակայն ինչ-որ առումով քայլը բավականին ուշացած է, մանավանդ որ կուսակցության անցման գործընթացը ևս բավականին ժամանակատար գործընթաց է, հատկապես ՀԱԿ-ի դեպքում, երբ կուսակցությունների ու գործիչների միջև շատ հարցերում նույնիսկ անձնական հարթությունում խնդիրներ կան: ՀԱԿ-ը նման քայլի պետք է գնար դեռևս խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընտրությունների արդյունքն ու այդ շրջանի զարգացումները ցույց էին տալիս, որ ՀԱԿ-ը որպես շարժում իրեն սպառել է:
Ավելին, դա թույլ կտար նախագահական ընտրություններից առաջ մրցամարտին մոտենալ նորմալ մարզավիճակում, միասնական ու մոբիլիզացված: Սակայն շարժումից կուսակցություն գնալու ճանապարհը ուշացավ, ինչի արդյունքում է նաև, որ ՀԱԿ-ը ընտրություններից 2-3 ամիս առաջ գնահատելով և՛ իր ներսում, և՛ հասարակության մեջ առկա տրամադրությունները ստիպված եղավ հետ կանգնել ընտրապայքարից:
Շարժումից կուսակցության անցումը ՀԱԿ-ին հնարավորություն կտար այս վերաբեռնավորման գործընթացն անցնել նվազ կորուստներով: Արդեն պարզ է, որ մարտի մեկին սպասվող հանրահավաքի օրակարգային թիվ մեկ հարցը հենց կուսակցության կազմավորման պրոցեսն է լինելու: Ինչ վերաբերում է «ավազակապետության դեմ պայքարում ՀԱԿ-ի անուրանալի դերին», ապա նշեմ, որ իր ներկայությամբ ՀԱԿ-ն անշուշտ մշտապես զգոն է պահել իշխանություններին, սակայն որպես այդպիսին ՀԱԿ-ի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելն ինքնին խոսում է Կոնգրեսի մարտավարության ակնհայտ ձախողումների մասին, և ՀԱԿ-ի` 4-5 տարիների գործունեությունը գնահատելիս Տեր-Պետրոսյանը իրադարձություններին պետք է գնահատական տա՝ առաջին հերթին հաշվի առելով այս հանգամանքը: Չէ՞ որ ՀԱԿ-ի կազմավորման օրվանից Կոնգրեսը որպես առաջնային խնդիրը բարձրացնում էր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը, սակայն ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, ՀԱԿ-ը ոչ միայն իր այդ նպատակին չհասավ, այլև նույնիսկ ի վիճակի չեղավ մասնակցելու հերթական նախագահական ընտրություններին:




