Շատերս քիչ թե շատ պատկերացում ունենք հունական ու հռոմեական դիցաբանության մասին, բայց Հայաստանում բավականին քչերն են ուսումնասիրել սկանդինավյան դիցաբանությունը, որն, ի դեպ, իրոք շատ ուշագրավ է և ի տարբերություն հռոմեական դիցաբանության՝ հունականի քոփի-փեյսթը չէ։ Սկանդինավյան դիցաբանության առանձնահատկությունն այն է, որ գրեթե բոլոր աստվածները մահանում են վերջում։ Այս անգամ ձեզ եմ ներկայացնում նորդական առասպելների ամենազորեղ աստվածներին։
1. Բալդեր![]()
Բալդերը կամ Բալդրը զբաղեցնում է այս ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Հին վիկինգների մոտ նա ուրախության, անմեղության, գարնան, ներողամտության և ցանկացած դրական բանի աստվածն էր։ Նա Օդինի ու Ֆրիգգի երկրորդ որդին էր և անխոցելի էր ցանկացած տեսակի վնասվածքների ու վերքերի տեսակետից, ինչպես նաև կանանց սիրելին էր։ Նա այնքան զորեղ էր, որ նույնիսկ Տոր աստծո հայտնի մուրճը չէր կարող վնասել նրան, բայց չար Աստված Լոկին մի նետ սարքեց, որի ծայրը թունավորված էր և համոզեց Բոլդերի կույր եղբորը, որ կրակի դրանով եղբոր վրա։ Հենց այդ նետն էլ սպանում է Բալդերին։
2. Լոկի![]()
Լոկին խաբեության աստվածն էր սկանդինավյան դիցաբանության մեջ։ Ի սկզբանե նրան սիրում էին, ինչպես բոլոր մյուս աստվածներին, բայց հետո նա փոխվում է։ Նա փոխակերպվում էր և անգամ կարողանում էր փոխել իր սեռը։ Հենց Լոկին է ծնել լեգենդար Ֆերնիր գայլին, ով հետո սպանում է ոչ ավել, ոչ պակաս՝ Օդին աստծուն։ Լոկին ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր չարանում, նա վիրավորում էր այլ աստվածների, գողանում էր նրանց համար շատ թանկարժեք ու կարևոր իրեր։ Այն բանից հետո, երբ Լոկիի պատճառով զոհվեց Բալդերը, նրան կապկպեցին ու նետեցին մի խոր քարանձավ, որտեղ նրա երեսին պետք է թույն կաթար մինչև վիկինգների աշխահի վերջը՝ Ռագնարոկը։ Այստեղ էլ Լոկին կնքեց իր մահկանացուն։
3. Հել![]()
Հելը Լոկիի դուստրն էր, ում անձամբ Օդինն էր վստահել մեռյալների թագավորությունը։ Ի տարբերություն հունական առասպելների, որտեղ Հադեսն էր մեռյալների թագավորության տիրակալը և ամենազորեղ աստվածներից մեկն էր, Հելմին պարզապես տվել էին այն «գործը», որն ուրիշ ոչ ոք չեր ցանկանում ստանձնել։ Եթե մեկը հայտնվում էր Հելի տիրությունում, ապա այլևս չէր կարող դուրս գալ այնտեղից։ Անգամ Բալդերը, ընկնելով իր զարմուհու մոտ, այդպես էլ չկարողացավ դուրս գալ այնտեղից։
4. Ֆրիգգ![]()
Ֆրիգգն Օդին աստծո կինն էր և միակն էր, ում թույլատրված էր նստել Օդինի գահին, երբ վերջինս բացակայում էր։ Ֆրիգգը մայրության և պտղաբերության աստվածուհին էր։ Սկանդինավյան դիցաբանության մեջ Ֆրիգգը նաև բավականին «դուրս ընկած» կերպար ուներ, որովհետև պարբերաբար քնում էր վերջինիս եղբայրների հետ, իսկ Օդինն այդ մասին այդպես էլ չէր իմանում։ Այնուամենայնիվ, Ֆրիգգը Ասգարդի թագուհին էր և ուներ գուշակություններ անելու ունակություն, սակայն երբեք չէր հրապարակում դրանք։
5. Ֆրեյր![]()
Ֆրեյրը վիկինգների ամենասիրելի աստվածներից էր։ Նա էր Էլֆերի թագավորության տիրակալը, ջրերի, խաղաղության և տղամարդկանց «պտղաբերության» աստվածը։ Նա էր պատասխանատու մահկանացուներին խաղաղություն ու հաճույք պարգևելու համար։ Ֆրեյրն ամուսնացած էր Գերդ անունով հսկայի հետ, ում հետ ամուսնանալու իրավունքի համար նա ստիպված էր հրաժարվել իր կախարդական թրից, ինչը և պատճառ հանդիսացավ նրա մահվան համար, երբ Ռագնորակի ժամանակ նա ընկավ հրե հսկա Սութր հսկայի հետ մենամարտում։
6. Հեյմդալլ![]()
Հեյմդալլը աստվածների պահապանն ու ծիածանային կամրջի պահակն էր, որը միակ հաղորդակցության ուղին էր Ասգարդի և Միդգարդի միջև։ Նա կանգնած էր այդ կամրջի մոտ ու հսկում էր այն, իսկ Ռագնորակի ժամանակ նա պարտավոր էր ազդարարել դրա սկիզբը՝ փչելով հսկայական պոզը։ Հեիմդալլը միշտ ատում էր Լոկիին, անգամ երբ վերջինս դեռ սիրված էր, և հենց նա է սպանում վերջինիս, բայց ինքն էլ ընկնում է ճակատամարտերից մեկի ժամանակ։
7. Ֆրեյա![]()
Ֆրեյան սկանդինավյան դիցաբանության Աֆրոդիտեն էր՝ սիրո և գեղեցկության աստվածուհին, բայց ի տարբերություն հունական դիցուհու՝ Ֆրեյան վիկինգների աստված էր, ուստի սիրո ու գեղեցկության աստվածուհու դիրքը չէր խանգարում, որպեսզի նա լինի նաև կատաղի ու սարսափազդու։ Ֆրեյան ռազմատենչ Վալկիրիաների առաջնորդն էր ու բազմաթիվ աստվածային ճակատամարտերի մասնակից։ Ֆրեյային էր նաև վերագրվում հյուսիսափայլը։
8. Տիր![]()
Տիրը փառքի, մենամարտի ու պատերազմի աստվածն էր։ Նա էր, ով գերեց Ֆարնիր գայլին, ով սպանել էր Օդինին, բայց այդ առաքելության ժամանակ նա կորցրեց իր ձեռքը, ինչի համար նրան անվանում էին նաև «Պատերազմի կռնատ աստված»։ Տիրը ևս ընկավ Ռագնորակի ժամանակ, իսկ նրան սպանողը դժոխքի պահապանն էր՝ Գարմ հսկայական ու դիվային շունը։
9. Օդին![]()
Օդինը նորդական դիցաբանության մեջ գլխավոր աստվածն էր ու Ասգարդի տիրակալը։ Վիկինգները նրան էին վերագրում ամեն ինչ, իսկ նրանց դիցաբանության առանձնահատկությունն այն էր, որ միևնույն բանի աստված կարող էին հանդիսանալ միանգամից մի քանի տարբեր աստվածներ, ուստի պետք չէ զարմանալ, որ Օդինը պատերազմի, որսորդության, իմաստության, պոեզիայի, պտղաբերության, օդի... մի խոսքով ամեն ինչի աստվածն էր։ Համաձայն առասպելների՝ նա շատ երկար ու սպիտակ մորուք ուներ և միաչքանի էր։ Թեև նա ամենազոր էր, բայց չգիտես ինչու դա չփրկեց նրան Ֆարնիր գայլից և չօգնեց անգամ, որպեսզի նա զբաղեցնի այս ցուցակի առաջին հորիզոնականը։
10. Տոր
Ահա և մեր հաղթողը. Տորը ամպրոպի և կայծակի աստվածն էր, հսկաների ահն ու սարսափը, Մյոլլնիր մուրձի տիրակալն ու ամենազորեղ մարտիկը։ Տորը տեղաշարժվում էր երկնակամարով իր հսկայական պղնձակուռ կառքով, որը քաշում էին երկու այծեր, ու նա պաշտպանում էր մարդկանց ու աստվածներին չար հսկաների դավադրություններից ու հարձակումներից։ Հենց նա է համարվում սկանդինավյան դիցաբանության ամենազորեղ աստվածը։



