Shabat.am-ը գրում է.

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս նաև այլ թեմաներից: Մեր հյուրն այս անգամ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է, ում հետ հանդիպել ենք Կոմիտասի անվան զբոսայգում:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նրա չորս երեխաները՝ Մարիամը, Աշոտը, Շուշանը ու փոքրիկ Արփին: Նրանք շատ զուսպ են, քչախոս, ամենից շատ  լուսանկարչական ապարատից խուսափում է Աշոտը, թողնելով, որ քույրերը միասին նկարահանվեն: Մարիամն ու Աշոտն ուսանողներ են, Շուշանը՝ դպրոցական, իսկ ահա Արփին շուտով կդառնա մեկ տարեկան:

Ձեր ընտանիքում հանգստյան օրերն անցկացնելու ավանդական տարբերակ կա՞,  ի՞նչ հանգիստ եք նախընտրում, ինչպե՞ս եք անցկացնելու ամառային հանգիստը:

-Մեր ընտանիքի կյանքը, հայտնի հանգամանքների բերումով, բավականին անկանոն է ստացվել և շաբաթվա ընթացքում այնքան ենք էներգիա վատնում, որ հանգստյան օրերին ուժ չի մնում երբեմն ուղղակի տնից դուրս գալու: Սիրում ենք լինել Երևանի կենտրոնում, որևէ սրճարանում ժամանակ անցկացնել: Որևէ առանձնահատուկ նախասիրություն չունենք: Մեր երկրորդ զավակը՝ Աշոտը, այս տարի ուսանող է դարձել, և հիմա նախապատրաստվում ենք այդ իրադարաձությանը: Առնվազն այս պահի դրությամբ որևէ կոնկրետ բան չենք պլանավորել: Մանավանդ, որ քաղաքական առումով էլ շատ կարևոր ժամանակաշրջան է, երևի այս ամառն ավելի շատ աշխատանքային իրավիճակում անցկացնենք:

Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները: Երբևէ մտածե՞լ եք, որ նրանցից որևէ մեկը կարող է շարունակել Ձեր ճանապարհն ու զբաղվել քաղաքականությամբ:

-Մեծ դուստրս՝ Մարիամը ուսանող է, Աշոտը նույնպես, ինչպես նշեցի, արդեն ուսանող է, երկուսն էլ ընդունվել են Տարտուի համալսարան: Շուշանը դպրոցական է, իսկ Արփին շուտով կդառնա մեկ տարեկան: Երբ ես քաղբանտարկյալ լինելով նոր դուրս էի եկել բանտից, արձանագրեցի, որ և՛ Աշոտը, և՛ Մարիամը շատ տարված են քաղաքականությամբ, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ դա դուրս է նրանց հետաքրքրությունների շրջանակից, ինչի համար, անկեղծ ասած, ուրախ եմ: Բայց ես չեմ զբաղվում իմ երեխաների կյանքի պլանավորմամբ: Կարծում եմ, ամենակարևոր ու, թերևս, միակ առաքելությունը, որ ծնողն ունի իր երեխայի կյանքում` նրա պատշաճ կրթությունն ապահովելն է, ինչը նշանակում է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք պատրաստ լինեն ինքնուրույն ապրել, իրենց կարիքները հոգալ, աշխատանք գտնել:

Ո՞րն է եղել ամենահետաքրքիր կամ անսպասելի հարցը, որ երբևէ Ձեր երեխաները Ձեզ տվել են:

-Ընտանիքս մոտ երեք ու կես տարի առանց ինձ է ապրել: Երբ ես հեռացել եմ՝ 2008թ. մարտին, Շուշանը 7 ամսեկան էր, երբ վերադարձա, արդեն 4 տարեկան էր: Երբ իր շրջապատում «հայրիկ» անունով ինչ-որ մեկն էր հայտնվել, նրան այնդքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ է հայրիկը: Մի քանի անգամ  ուղիղ հարց եմ լսել նրանից, նա փորձում էր ստանալ հարցի պատասխան, թե ինչի՞ համար է հայրիկն ընդհանրապես:  

Գտնվելով անազատության մեջ, ի՞նչն էիք ամենից շատ կարոտում ու հետո ի՞նչը սկսեցիք առավել գնահատել:

- Ամենաշատը կարոտում էի ընտանիքիս: Այսպիսի մի տարօրինակ փաստ կա. հայտնվելով ազատության մեջ, ավելի շատ սկսեցի գնահատել անազատությունը: Իմ շրջապատի մարդիկ գիտեն, որ հաճախ եմ դեպքեր, դրվագներ պատմում բանտի կամ ընդհատակի շրջանից, և բոլորը նկատում են, որ պատմում եմ նոստալգիայով: Սրա մեջ ճշմարտություն կա. ճիշտ է՝ բանտ է, իրենից բխող հասկանալի ու հայտնի հանգամանքներով, լարվածութուններով, կոնֆլիկտներով, սպառնալիքներով, բայց, այնուամենայնիվ երբ դու բանտում ես՝ անազատության մեջ և բոլորը դա գիտեն, դու հասկանում ես, որ քո պատասխանատվությունը այդքան մեծ չէ, որովհետև այդ հանգամանքի բերումով, դու գործելու ազատություններ չունես, և հետևաբար՝ պահանջները քեզնից մեծ չեն լինի: Ազատության մեջ ամենաբարդ խնդիրը կամ ամենածանր բանը պատասխանատվությունն է, երբ ամեն երկրորդ անցորդը կարող է հարցնել՝ «Բա, լավ, ի՞նչ ա լինելու էս երկրի վիճակը», «Բա լավ, մի բան արեք» և դու հասկանում ես, որ մարդիկ ունեն շատ կոնկրետ ակնկալիքներ և դու պարտավորված ես այդ ակնկալիքները անարձագանք չթողնել: Բայց դու պարտավորված ես դրանք անարձագանք չթողնել այնպիսի ճանապարհով, որ դրա արդյունքը չլինի ավելի մեծ հիասթափություն:

Կա հանրային պատկերացում, ընկալում և դու, քո քաղաքական ուժը պարտավորված եք բավարարել մարդկանց ակնկալիքները: Սա, իհարկե, շատ մեծ պատիվ է, բայց շատ մեծ պատասխանատվություն, և անազատության բեռն այնքան մեծ չէ, ինչքան պատասխանատվության բեռը: Անազատություն-ազատություն հարթության մեջ կա ևս մեկ հանգամանք. ամեն օր մեզ հետ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց արժեքը մենք չենք նկատում՝ ամենօրյա կյանքի ծանրաբեռնվածության բերումով: Ինձ հետ ընդհատակում մի այսպիսի դրվագ է եղել, որ հաճախ պատմում եմ մտերիմներիս: Խորը կոնսպիրացիայի մեջ էի, ոչ ոք չգիտեր իմ տեղը, այդ տեղում միայնակ էի, այդ պահին ոչնչով չէի զբավում և այս պայմաններում մի բաժակ ջուր վերցրեցի ու խմեցի: Եւ հանկարծ, ջուր խմելու ընթացքում հասկացա, թե ինչպիսի տիեզերական ու աստվածատուր հաճույք է ջուր խմելը: Ինձ մի պահ թվաց նույնիսկ՝ կկորցնեմ բանականությունս այդ հաճույքի ծայրահեղությունից ու մասշտաբից:

Մարդը ուրիշ իրավիճակում չի կարող ընկալել, որ ուղղակի սառը ջուր խմելը մի հաճույք է, որից կարելի է խելագարվել, որովհետև սովորական պայմաններում իր գլխում հազար հոգս է, հազար միտք, որոնք բթացնում են իր բնական զգայարաններն ու զգացողությունները: Պետք է լրիվ մեկուսացած լինել այս կենսավազքից, ներքուստ հաշտված լինել ճակատագրի մարտահրավերի հետ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ դա, ու եթե դու մի պահ սկսես ընկալել այդ հաճույքի մասշտաբը, կարող է ուղղակի խելագարվես, որովհետև այդ պահին կարծես զգում ես Աստծո ներկայությունը քո կողքին: Այնպես որ և՛ ազատությունը, և՛ անազատությունը ունեն իրենց դրական կողմերը և դրանք ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր ու հոգեբանական կատեգորիաներ են: 

Շատերը հենց Ձեր մեջ են տեսնում ընդդիմության առաջնորդի և Ձեզնից սպասումները շատ են: Պատասխանատվության այդ մեծ բեռը երբևէ չի՞ խանգարել 
Ձեզ Ձեր գործունեությանը ընթացքում

-Երկու խնդիր կա՝ առաջ և հետո: Մեր քաղաքական ուժը գիտակցում է հանրային ակնկալիքները, բայց խնդիրը այդ ակնկալիքները սպասարկել այնպես, որ դրա արդյունքը չլինի հերթական կամ շատ ավելի մեծ հիասթափությունը: Մենք տեսել ենք, շատ ընդդիմադիր գործիչների անցած ճանապարհը, գիտենք ինչքան մեծ է առաջ՝ հիացմունքը և ինչքան մեծ է հետո՝ հիասթափությունը: Մի բան է գիտակցել, թե դու ինչ պետք է անես ու բոլորովին ուրիշ բան է՝ դա անել գործնականում: Բազմաթիվ հարցեր են՝ կա՞ արդյոք պատշաճ քաղաքական ծրագիր, թիմ, ռեսուրս: Այդ հարցը հիմա հատկապես մեր օրակարգում է: Քաղաքացիները ունեն իրենց պատկերացումները և պետք է ընկալել դրանք, հասկանալ դրանց մեջ ի՞նչն է ռացիոնալ, ինչը՝ ոչ, ի՞նչն է բխում իրավիճակի սթափ գնահատականից, ինչը՝ ուղղղակի էմոցիաներից, բայց որ մենք պետք է լուծումներ առաջարկենք հանրությանը, դա միանշանակ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա աշատում է, որպեսզի մոտ ժամանակներս կոնկրետ լուծումներ առաջարկի մարդկանց:

Դեռևս 2012թ-ին Ձեր ու Ձեր կնոջ ամուսնությունը գրանցված չի եղել: Դուք չէիք բացառել, որ երբևէ  կլինի դրա արձանագրումը: Կայացե՞լ է այն:

-Պաշտոնական ամուսնություն չի եղել: Մենք ամուսնացած ենք արդեն 19 տարի և անընդհատ  պլանավորում ենք ամուսնանալ. դա անընդհատ մեր օրակարգի հարցերից է, և հույս ունեմ, որ ի վերջո, այդ հանգրվանին կհասնենք: Այդպես ստացվել է, իմ ու Աննայի ամուսնությունը ոչ թե եղել է իրադարձություն, այլ մի տեսակ բնականոն պրոցես ու նաև հանգամանքների բերումով այդպես է դասավորվել ուղղակի: Նաև համարել ենք, որ մեր զգացմունքները այնքան ուժեղ են, որ կարող ենք դուրս լինել պայմանականությունից և ամուր ընտանիք ունենալ, ինչը, փառք Աստծո, ժամանակը ապացուցել է, բայց ինչքան ժամանակ է անցնում, երևի ներքին պահանջարկ է առաջանում, այնուամենայնիվ, վերադառնալ արմատներին և գնալ ավանդական ճանապարով: Դա համարում ենք մի իրադարձություն, որ անպայման տեղի կունենա, ուրիշ բան որ չլինի, «ոսկե հարսանիքին» անպայման պաշտոնապես կամուսնանանք:)

Ձեր ընտանիքում որևէ կերպ առավելություն տրվո՞ւմ է Ձեր որդուն,կա՞ն բաներ, որ արգելում եք աղջիկներին, իսկ տղային թույլատրված է:

-Մեր ընտանիքում այդպիսի բան ընդհանրապես չկա: Երբեմն լինում է հակառակը: Դրա անրաժեշտությունն առաջանում է, երբ երեխայի վարքագծում տեսնում ես ինչ-որ արարքներ ու զգում, որ պետք է սահմանափակել: Մինչև այս պահը աղջիկների կյանքում և գործողություններում որևէ նման բան չեմ նկատել, բայց տղայիս դեպքում այդպիսի դրվագներ եղել են, լինում են, և ուրեմն՝ ավելի շատ հակառակ պրոցեսն է մեզ մոտ տեղի ունենում: Ես փորձում եմ այդ սահմանափակումների մեջ ավելի շատ բովանդակություն դնել, քան ձև: Սահմանափակումներ կիրառել եմ որդու՛ս հանդեպ:

ԱԺ վերջին նիստերը բավականին բուռն ու հետաքրքիր էին, ի՞նչ բացահայտեցիք ինքներդ Ձեզ համար այս նստաշրջանում կամ ինչո՞ւմ ևս մեկ անգամ համոզվեցիք:

-Ոչ մի նոր բան չբացահայտեցի, անկեղծ ասած: Միշտ մտածում էի, որ անվտանգության ոլորտում, այնուամենայնիվ, իշխանությունների գործադրած սուտը մի փոքր պակաս կլինի, քան մենք պատկերացնում ենք: Միակ բանը, որ արձանագրեցի, կապված հայտնի համաձայնագրերի քննարկման հետ, այն էր, որ նաև, ցավոք սրտի, անվտանգության և պաշտպանության ոլորտում ստի նույնպիսի չափաբաժին ունենք, ինչ մնացած ոլորտներում: Միակ նոր արձանագրումն այն է, որ մենք պետք է իշխանությունների հայտարարություններին մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելու առումով շատ ավելի մեծ վերապահումներով վերաբերվենք, քան մինչև այժմ վերաբերվել ենք:

Կուսակցությունների մասին Ձեր վերջին ելույթը բավականին մեծ արձագանք գտավ: 
Հետաքրքիր է, ինչո՞ւ հենց այս փուլում Դուք այսկերպ խոսեցիք այն ամենի մասին:  
Ելույթից հետո մարդկային հարաբերությունները որևէ կերպ փչացե՞լ են:

-Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ էի պլանավորում այդ նույն ելույթն ունենալ, բայց հանգամաքները դասավորվեցին այնպես, որ երկրորդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի կազմում ԼՂՀ-ում էի և ԸՕ-ի երկրորդ ընթերցմանը չկարողացա մասնակցել: Նաիրա Զոհրաբյանի այն ելույթը, որին արձագանքում էի, որտեղ կոնկրետ իրադարձություն էր տեղի ունեցել, հնչել էր ԸՕ-ի առաջին ընթերցման քննարկման ժանանակ՝ իմ ունեցած ելույթից հետո, բայց եթե լսեք ԸՕ առաջին ընթերցման ժամանակ իմ ունեցած ելույթը, բոլոր այս կետերին, ոչ այքան մանրամասն, անդրադարձել եմ և հիմա, ըստ էութան, ԸՕ-ի արտահերթ մուտքը օրակարգ ընդամենը պատեհություն ստեղծեց, որպեսզի այդ խոսակցությունը տեղի ունենա, այսպես թե այնպես ելույթը պետք է հնչեր, ուղղակի լավ առիթ էր, որ հենց ԸՕ-ի հետ կապված կոնտեքստում եղավ:

Մարդկային հարաբերութուններ, ըստ էության, չեն եղել, որոշակի շփումներ են եղել, գուցե բարևել ենք, մի թեթև կամ ոչ մի թեթև, հիմա չենք բարևի կամ կբարևենք: Ես ընդհանրապես այդպիսի բան նկատել եմ, եթե ինչ-որ ելույթներ են հնչում հակադիր, միջանցքներում պատգամավորները սկսում են իրար չբարևել, մինչև ժամանակ է անցնում, եթե էլի նոր թարմացում չի լինում, դանդաղ սկսում են բարևել աչքի պոչով, հետո նորից բարևում են: Հասկանալի է, որ այստեղ ոչ մի անձնավորված խնդիր չկա, դա քաղաքական խնդիր է և ես խորապես համոզված եմ այն ամենում, ինչ ասում եմ, հակառակ դեպքում, չեմ ասի: Այս թեման վաղուցվանից է զարգանում, ուղղակի եկավ հասավ պիկին հիմա: Խնդիրն ինչու՞մ է. ժամանակի ընթացքում քո հասցեին հնչում են քնադատություններ, քո առաջ դրվում են հարցեր, այսօր մարդիկ շատ պարզ ասում են՝ «դե մի բան արեք», « մենք սպասում ենք, որ դուք մի բան անեք» և այլն՛… մարդիկ նկատի ունեն՝ գնացեք իշխանափոխություն արեք: Հիմա կա երկու եղանակ, կամ քաղաքացիներին ասես՝ լավ, ես գնում եմ իշխանափոխություն անելու, հետո սկսես բացատրել, թե ինչու դա չեղավ և կա երկրորդ մեթոդը, որ այս գլխից մարդկանց ասես՝ ժողովուրդ ջան,  եթե գնանք ձեզ հայտնի սովորական ճանապարհներով, մենք հայտնվելու ենք ձեզ հայտնի սովորական տեղում: Ես չեմ ուզում հայտնվել այդ սովորական տեղում, ոչ թե ինձ համար, այլ կարծում եմ, որ մեր ժողովուրդը այլևս  ռեսուրս չունի ևս մեկ անգամ հիասթափվելու: Ավելի լավ է մարդիկ մեծ ակնալիքներ չունենան, որ արդյունքում չհիասթափվեն, քան թե մենք իրենց տանք մեծ ակնկալիքներ և վերջում այդ պայթյունը, բոլորին ցնցի և՛ հոգեբանորեն , և՛ նյութապես, և՛ ֆիզիակապես:

Բոլորը ուզում են փոփոխություներ, բայց բոլորն ուզում են՝ ա) որ այդ փոփոխությունները իսկապես տեղի ունենան և բ) արդյունքում պարզվի, որ դրանք դրական փոփոխություններ են:

Ինձ համար ընդունելի ու թույլատրելի չէ, որ ես ինքս կամ մեր քաղաքական ուժը դառնանք հերթական հիասթափության հեղինակ, ինքս ինձ դա չեմ ների, ինձ համար շատ դժվար կլինի դրա հետ ապրել, ավելի լավ է ոչինչ չանեմ, քան դառնամ հերթական հիասթափության հեղինակ: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են Հայաստանի համար, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկելը ուղղակի մահացու կարող է լինել երկրի համար: Եւ հիմա մենք քննարկում ենք, որ պետք է փուլային տարբերակով մոտենալ հարցին ու փորձել հանրության հետ փուլային եղանակով պայմանավորվածություններ ձեռք բերելու ճանապարհով գնալ և մինչև 2017 թ. գարունը տեսնել, թե այդ պայմանավորվածությունը ի՞նչ մակարդակի հասավ, պատկերացումները, ծրագրերը, թիմը ի՞նչ իրավիճակի հասավ, ի՞նչ օրակարագ ձևավորվեց, այդ մասին ժողովրդի հետ անկեղծ խոսել, ու եթե ինստիտուցիոնալ և ոչ թե էմոցիոնալ օրակարգ է դառնում իշխանափոխությունը, ուրեմն մենք դա պետք է անենք, եթե ոչ, ուրեմն պետք է պարզ, անկեղծ ժողովրդի հետ խոսենք իրավիճակի մասին: Այստեղ մի փոքր ուզում եմ պարզաբանել, կամ ավելի ճիշտ՝ մի այլաբանական օրինակ բերել. շատ հաճախ մարդիկ արձագանքելով իմ ելույթներին  ասում են՝ «էդքան որ ասում ես, ո՞վ ա է լսողը»: Ոմանց, չգիտես ինչու՞, թվում է, թե ես օրինակ Գալուստ Սահակյանի կամ Վահրամ Բաղդասարյանի համար եմ ելույթ ունենում: Սիրելի քաղաքացիներ, ես ձեզ հետ եմ խոսում: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ես Առաքել Մովսիսյանի համար եմ ելույթ ունենում: Եւ այս համատեքստում  հիմնական հարցը, որի պատասխանը պետք է առաջիկա մի քանի ամիսներին մենք ստանանք հետևյալն է՝ Դու՝ ՀՀ քաղաքացի լսեցիր, թե՞ չլսեցիր: Եթե լսեցիր, ուրեմն մենք միասին կանենք հաջորդ քայլը, եթե չլսեցիր, ուրեմն հաջորդ քայլն անիմաստ է:

Ձեզ հայտնի է, որ իշխանության տարբեր օղակներով, տարբեր մակարդակներով փորձ է արվում, «մեղադրել» Ձեզ իշխանության հետ համագործակցության մեջ: Այս քննադատություններին, մեղադրանքներին ինչպե՞ս եք վեաբերվում:

-Բոլոր նրանց, ում իսկապես այդ հարցի պատասխանը հետաքրքիր է, ովքեր ուզում են այդ հարցի պատասխանը առանց որևէ մեկի կողմնակի օգնության ստանալ, իրենք կարող են ստանալ այդ հարցի պատասխանը, որովհետև դրա համար պետք է ընդամենը ուշադիր հետևել իմ գործունեությանը, ուրիշ որևէ բան պետք չէ: Նրանք, ովքեր ուզում են այդ հարցի պատասխանը ստանալ, հիմա կարող են ստանալ, մյուսները, ովքեր զլանում են, կամ չեն ուզում փաստերին նայել՝ ժամանակի ընթացքում կստանան իրենց հարցի պատասխանը: Ես ինձ համար որևէ մտահոգություն չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է քաղաքական գործիչների նկատմամբ մարդկանց կասկածներին, ես դա բնական եմ համարում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ եղել է Արտաշես Գեղամյան ու Արթուր Բաղդասարյան, էլ չեմ ասում մնացած բաները: Այսքանից հետո քաղաքացիցները ոչ միայն իրավունք ունեն կասկածել քաղաքական գործիչներին, Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն չկասկածել: Բայց հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիաան պայմանագիր» կուսակցության մասով, անձամբ իմ մասով քաղաքացիները իրականում որևէ լուրջ կասկած չունեն:

Աշխատանքային օրվա լավագույն ավարտը ո՞րն է Ձեզ համար, կա՞ մի բան,որ պարտադիր է Ձեր առօրյայում:

-Չկա այդպիսի բան: Ինքս ինձնից շատ գոհ եմ մնում, երբ օրվա վերջում ընթերցանությանը կարողանում եմ որոշակի շոշափելի ժամանակ տրամադրել, բայց դա միշտ չի ստացվում հոգնածության կամ հանգամանքների պատճառով:

Ընտանիքի հետ շատ ժամանակ կարողանո՞ւմ եք անցկացնել, կա՞ որևէ ավանդույթ, որ երբ բոլորդ տանն եք, այդպես եք անցկացնում ժամանակը:

-Երբ հասունանում է պահը, որ քննարկելու բան կա, քննարկում ենք, բայց մեր կյանքը այդպես ռեգլամենտավորված չէ: Երբեմն լինում է, որ չենք շփվում, երբեմն լինում է, որ շփվում ենք, երբեմն չենք զրուցում, երբեմն զրուցում ենք, երբեմն միասին նույնիսկ չենք ճաշում… ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց մեր ընտանիքում հստակ ռեգլամենտներ չկան ու չեն էլ եղել:

Կա՞ մի գիրք, որը միշտ ձեռքի տակ եք պահում: Ի՞նչ խորհուրդ կտայի՞ք կարդալ երիտասարդներին, ովքեր նամանավանդ ցանկություն ունեն 
քաղաքականություն մտնելու:

-Միակ գիրքը, որ միշտ իմ ձեռքի տակ է ու ինձ ամեն տեղ ուղեկցում է, Աստվածաշունչն է: Շատ եմ սիրում կարդալ հայ ժողովրդի պատմություն, միջազգային պատմություն:  Ինչ վերաբերվում է խորհուրդին, կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է անընդհատ ու անդադար կարդա Թումանյան, Չարենց, Խորենացի: 

Ձեր մասին խոսելիս, մարդիկ ամենից հաճախ խոսում են Ձեր համարձակության մասին: Դուք Ձեր ո՞ր հատկանիշն եք գնահատում և ի՞նչ կուզեիք փոխել:

-Լրագրության տարիներին նույնպես դա կար, այն ժամանակ մի անգամ եթերում հարց հնչեց՝ Դուք համարձակ եք, ասացի՝ ես համարձակ չեմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Մարդիկ այնքան արտասովոր բան են համարում, որ դու կարող ես ուղիղ խոսել մի բանի մասին, որ բոլորին հայտնի է: Դա վատ ցուցանիշ է: Վերջին տարիներին զգացել եմ, որ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ համարձակ եմ: Եթե ԱԺ պատգամավոր եմ, և ՀՀ քաղաքացիները ինձ աշխատավարձ են վճարում այդ աշխատանքը կատարելու համար, ի՞նչ է նշանակում համարձակ, մարդիկ ակնկալում են, որ ես կասեմ ու կանեմ այն, ինչ իրենք ինձ լիազորել են ասել ու անել, այդտեղ ինչո՞ւ պետք է համարձակություն պետք լինի…Համարձակը էն տղերքն են, որ չորսօրյա պատերազմի ժամանակ հերոսություններ արեցին, մենք ի՞նչ համարձակ, մեր արածն ի՞նչ է, ընդամենը մեր աշխատանքն ենք անում ու դեռ կերևա այդ աշխատանքի արդյունքում Հայաստանում իրական փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ:

Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ինձ երջանկացնում է շփումը այլ մարդկանց հետ: Մարդն իր գոյության ամենակարևոր երջանկությունը գտնում է ընտանիքում, ընկերների միջավայրում: Մարդ չի կարող երջանիկ լինել առանց ուրիշ մարդկանց: Ինձ երջանկացնում է Երևան քաղաքի կենտրոնը: Երևի դա հայրենիքի զգացողությունն է, այսպիսի կենտրոններ կան նաև Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում, Իջևանում, Դիլիջանում: Առավել երջանկացնում է, երբ դու գիտակցում ես որ դու, քո ընտանիքը, ընկերները ունեն հայրենիք: Երջանկության բազան մարդիկ ու հայրենիքն են:

Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու տվել եք երբևէ:

-Խուրհուրդներ տալ չեմ սիրում, ընդհանրապես: Ամենաշատ թվով խորհուրդը, որ ինձ տվել են սկսած ուսանողական տարիներից, իրականությանը համակերպվելու, հարմարվելու խորհուրդն է եղել: Գուցե սա է պատճառը, որ իմ մեջ բլոկ է առաջացել խորհուրդների նկատմամբ, որովհետև եթե ես այդ խորհուրդերը լսեի, պիտի չզբաղվեի լրագրությամբ, քաղաքականությամբ՝ համենայնդեպս այնպես ինչպես զբաղվել եմ: 

3 առանձին, մշտական հարցեր՝

-Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:

-Ընտրակեղծիքները կաշխատեի բացառել:

-Կյանքի ամենամեծ ձախողումը:

-Կյանքում ձախողում չի լինում, կյանքն անընդհատ մարտահրավեր է, որի հետ դու պետք է առերեսվես: Նույն բանը կարելի է համարել և՛ նվաճում, և՛ ձախողում:

-Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:

-Ոչ մի, մենք մահկանացու ենք, մեր ինչի՞ն է պետք գերբնական ուժը, դա մեզ ավելի շատ կխանգարի քան կօգնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել