![]() |
| ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս |
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հարցազրույցն ու արտահայտած մտքերը դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում են՝ վտանգելով հայ-լեհական պաշտոնական հարաբերությունների զարգացումը: Ամենայն հավանականությամբ, լեհ պաշտոնյային դուրեկան չէ Հայաստանի կայունության մթնոլորտը, և նա փորձում է քաղաքական քննարկումների օրակարգ մտցնել 2008թ.-ի չհաջողված հեղափոխության փորձերի վերսկսումը կամ դրանց մասին քննարկումները՝ թարմացնելով ցավալի դեպքերի մասին հիշողությունները:
Չի բացառվում, որ լեհ դեսպանի գործունեությունն աշխարհաքաղաքական խաղի մի մասն է: Նախկին սոցիալիստական ճամբարի երկրների շարքում Լեհաստանն աչքի է ընկնում ակնհայտ հակառուսականությամբ՝ փորձելով բուն ՌԴ-ում և հարակից երկրներում հակառուսական օջախներ ստեղծել: Նախկին սոց.ճամբարի երկրների շարքում Լեհաստանն աչքի է ընկնում նաև ակնհայտ իմպերիալիստական մղումներով՝ Արևելյան Եվրոպայում ՌԴ-ին դիտարկելով որպես իր հիմնական մրցակիցը: Լեհաստանն, իրոք, բարդ պատմական անցյալ ունի. ուշ միջնադարյան Րեչ Պոսպոլիտայան (Լեհաստանի անվանումը 1569-1795թթ.) Արևելյան Եվրոպայի ամենահզոր տերություններից էր, որը մշտապես կողոպտիչ արշավանքներ էր ծավալում դեպի արևելք՝ թիրախ ունենալով ուղղափառ սլավոններին: Հետագայում այդ նույն ուղղափառ սլավոնները մոսկովյան իշխանների ջանքերով ստեղծած Ռուսական կայսրության գլխավորությամբ ոչ միայն ջախջախեցին կաթոլիկ լեհերին ու վերացրեցին լեհական պետականությունն, այլև՝ 3 անգամ Հաբսբուրգյան Ավստրիայի և Հոհենցոլեռնյան Պրուսիայի հետ բաժան-բաժան արեցին լեհական հողերը:
Բարդ և ողբերգական է եղել Լեհաստանի պատմությունը նաև 20-րդ դարում: Առաջին աշխարհամարտից հետո անկախություն ձեռք բերած Լեհաստանն այդպես էլ չկարողացավ մարտունակ բանակ ստեղծել, ինչի հետևանքով 1939թ.-ին օկուպացվեց նացիստական Գերմանիայի կողմից՝ հանդիսանալով նացիստների և բոլշևիկների համատեղ քաղաքական բանսարկության զոհը(ապացույց՝ 1939թ. օգոստոսի 23-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը): Արդեն 1944թ.-ին Կարմիր բանակն ազատագրեց Լեհաստանը ֆաշիստներից ՝ Լեհական Ժողովրդական Հանրապետությանը բառիս բուն իմաստով նվիրաբերելով նաև բազմաթիվ գերմանական տարածքներ: Դեռևս գեներալ Վ. Յարուզելսկու ռեժիմի օրոք (1980թ.-ից) գործունեություն ծավալող ազատ արհեստակցական միությունը՝ «Սոլիդարնոստը», կարողացավ քայքայել ոչ միայն լեհ կոմունիստների, այլև՝ ամբողջ Վարշավյան պակտի բռնատիրական կարգերի հիմքերը՝ խթանելով Սոց.ճամբարի վերացմումն ու ԽՍՀՄ փլուզումը:
Լեխ Վալենսայի գլխավորած «Սոլիդարնոստը» սոցիալ-դեմոկրատական զարգացման ուղղով ընթացող Լեհաստանի հիմքը դրեց, սակայն 1990-ականների վերջերից լեհական քաղաքական էլիտան հրաժարվեց արտաքին քաղաքականության բնագավառում Վալենսայի հավասարակշռությունների մոդելից՝ հավակնելով Արևելյան Եվրոպայում «առաջին ջութակի» դերակատարությանը: Այս ամենն ուղկցվում է հակառուսական հիստերիայով, ինչը դուրեկան չէ ԵՄ հիմնական հենասյուներին՝ Ֆրանսիային և Գերմանիային: Միևնույն ժամանակ, լեհական իշխանությունը ոգեշնչվում է ԱՄՆ որոշ շրջանակների և Դ`Գոլի որակած Եվրոպայի «տրոյական ձիու»՝ Մեծ Բրիտանիայի կողմից: Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած հեղափոխություններին լեհական մասնակցությունն ու աջակցությունն առանձնապես գաղտնի չի պահվել, իսկ Կվասնևսկի եղբայրների քաղաքականությունը բացահայտ անտագոնիստական տրամադրություններ ստեղծեց ԵՄ-ՌԴ երկխոսության գործընթացում, ինչը դուր չէր գալիս ոչ Մոսկվայի, ոչ էլ՝ Բրյուսելի պաշտոնյաներին:
Հարավային Կովկասում լեհական քաղաքականության տապալումն ակնհայտ դարձավ 2008թ.-ի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմի շրջանում, երբ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին վրացական իշխանության նախաձեռնած ռազմական արկածախնդրության լրջագույն խթանողներից էր: Արդյունքում՝ հաշված օրերի ընթացքում վրացական բանակը շարքից դուրս եկավ, իսկ Հարավային Օսիան և Աբխազիան վերջնականապես խզեցին հարաբերությունները Վրաստանի հետ՝ ՌԴ-ի կողմից ճանաչվելով որպես անկախ պետություններ և իրենց տարածքներում տեղակայելով ռուսական լուրջ սպառազինություններ:
Այնուամենայնիվ, հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ քաղաքականությունը աչքի չի ընկնում ագրեսիվությամբ, իսկ ԵՄ-ՌԴ մրցակցությունն ընթանում է առանց լուրջ վայրիվերումների: Չի բացառվում նաև, որ Մոսկվան և Բրյուսելը խաղի կանոնների շուրջ համաձայնության են եկել՝ որպես առաջին փորձ իրենց ազդեցությունն օգտագործելով վրաց-աբխազական երկաթգծի վերագործարկման հարցում: Ակնհայտ է, որ վրացական հակառուսականությունը սպառել է իրեն՝ վերածվելով վրացական հասարակության քննարկումների օրակարգի առաջնային հարցի: Բ. Իվանիշվիլու իշխանությունը բացահայտ խոսում է այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շավ ավելի արդյունավետ հիմքերի վրա է դրված, քան վրացականը՝ անհաժեշտություն տեսնելով հայկական քաղաքականության որոշակի բաղադրիչներ ներդնել Վրաստանի արտաքին քաղաքական գերակայություններում: Բովանդակային իմաստով Վրաստանը, Հայաստանի օրինակով, փորձում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն սկսել Արևմուտքի և ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչը կուժեղացնի ոչ միայն ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում, այլև՝ ԵՄ-ի:
Միգուցե, այս հեռանկա՞րն է, որ չի տեղավորվում լեհական էլիտայի հաշվարկներում, ուստի և դեսպանը փորձ է անում տարածաշրջանում ՌԴ ռազմաքաղաքական դաշնակցի՝ ՀՀ-ի քաղաքական գործընթացների վրա ազդել՝ խթանելով ապակայունացում և հույս ունենալով ընտրությունների ավարտից հետո տեսնել թույլ իշխանություն, որը ստիպված կլինի զիջումների գնալ «Զ. Բժեզինսկու աշխարհաքաղաքական դպրոցի» լավագույն աշակերտը հանդիսացող արևելաեվրոպական շրջանակների պահանջներին ու չգնա այն պարզ, բայց, միևնույն ժամանակ, արդյունավետ արտաքին քաղաքական ճանապարհով՝ համագործակցության և գործընկերության խորացում Արևմուտքի հետ և Հայաստանի անվտանգությունը երաշխավորող հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացում:
Ինչևէ, սա ընդամենը վարկած է, որ գոյության իրավունք ունի: Իսկ հայ-լեհական հարաբերությունները դարերի փորձություն են անցել. հայերն իրենց լեհ եղբայրների հետ միասին բազմիցս պայքարել և հաղթել են ընդհանուր թշնամուն՝ սկսած օսմանցիներից, վերջացրած ֆաշիստներով:
Միհրան Հակոբյան, պ.գ.թ(00.04 «միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ)




