Ինչպես գիտենք երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը,որի ընթացքում կողմերը նաև անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հարցին։ Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և հույս հայտնել ավելի ջանասիրաբար աշխատել կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար։ Այս հարցին երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձել է նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Մասնավորապես նա հրավիրել է լրագրողների ուշադրությանը այն փաստի վրա, որ և Ռուսաստանը և ԱՄՆ-ը ԼՂՀ հարցում ունեն նույն դիրքորոշումները։ Իհարկե Շարմազանովը շտապել է ապահովագրել իրեն ՝հայտարարելով, որ գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակում նրանց տեսակետները համընկնում են։ Աժ Փոխխոսնակը շտապեց նաև հավելել, որ ԼԵռնային Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող մտնել Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ և եթե Բաքուն ուզում է դրոշ ծածանել Ստեփանակերտում, ապա պետք է ճանաչի ԼԵռնային Ղարաբաղը, դեսպանություն բացի այնտեղ և այդ ժամանակ հնարավոր է ադրբեջանական դրոշը ծածանվի ԼՂՀ-ում։
Հիմա անդրադառանք այս հայտարարությունների բովանդակությանը։ Նախ, եթե ԱՄՆ և Ռուսաստանը նույն դիրքորոշումն ունեն ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ, ապա առնվազն տարակուսելի է, թե ինչու աշխարհի երկու գերտերությունները մինչ այսօր չեն կարողացել համալիր լուծում գտնել ԼՂՀ հարցի վերաբերյալ։ Իհարկե ճիշտ է Շարմազանովը, դեկլարատիվ փաստաթղթերն ու հայտարարությունները համահունչ ու ներդաշնակ են, սակայն մտքի գիգանտ չպետք է լինել, որ առհասարակ կոնֆլիկտային հարցերը լուծվում են բանակցությունների ներքին կուլիսային ձևաչափերում։ Իհարկե ապրիլյան քառօրյաից հետո Լեռնային Ղարաբաղի նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը աճեց, գերտերությունները ավելի մեծ ուշադրությամբ սկսեցին հետևել Ղարաբաղում ծավալվող մարտական գործողություններին, սակայն անձնավորված հասցեական հայտարարություններ այդպես էլ չհնչեցին։ Բոլորովին վերջերս ԱՄՆ-ը և Եվրոպան իրենց գործողոություններով վերահաստատեցին ԼՂՀ հարցի կարգավորման մեջ Ռուսաստանի գերակայությունն ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից առաջ կարծես կրկնակի բեռի տակ դրեցին պաշտոնական Մոսկվային։ Ռուսեներն էլ միամիտ չէին և զուտ իրենց շահերի տեսանկյունից պետք է նշել, որ պատվով դուրս եկան այդ բեռի տակից, որովհետև Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո արված պաշտոնական հայտարարությունները մեծ մասամբ չէին տարբերվում նախկինում արված ու միատոն հայտարարություններից։ Դրանից առաջ էլ ինչպես գիտենք Ալիևն ու Սարգսյանը հանդիպել էին Վիեննայում։ Այժմ արդեն համանախագահող երրորդ երկիրը՝ Ֆրանսիան է հանձ առել կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը։ Իհարկե զուտ ներհայաստանյան տեսանկյունից այս հանդիպումները ճիտին պարտքի պես մի բան են՝ ոչինչ չասող և ոչինչ չտվող։ Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման բանալին գտնվում է ոչ թե այս հանդիպումների կազմակերպման, այլ իրականում երկու երկրների հասարակական տրամադրությունների հետ տարվող աշխատանքների մեջ։ Իսկ ավելի ճիշտ դրանց բացակայության։ Վերջին քառօրյաից հետո Ադրբեջանի իշխանություններին ինչ-որ չափով հաջողվել է մեղմել սեփական հանրության դժգոհությունները, սակայն ակնհայտ է, որ հարաբերական այս անդորրը երկար տևել չի կարող։ Ֆրանսիաի հանդիպումը, ըստ էության կլինի արարողակարգային բնույթի վերջին հանդիպումը, որից հետո արդեն պարզ կդառնա, ինչպիսի արդյունքներ են տվել «բանակցություններն» ու ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կունենանք աշնանն ընդառաջ։
Ինչ մնում է Շարմազանովի այն հայտարարությանը, թե Բաքուն միայն ԼՂՀ ճանաչման դեպքում կարող է դրոշ ծածանել ԼՂՀ-ում, ոչ այլ ինչէ քան հերթական պոպուլիստական հայտարարություն։ Ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն Շարմազանովն ու իր ներկայացրած կուսակցությունը լավ կանենն վերջապես առերեսվեն սեփական հանրության հետ ու ժողովրդին բացատրել իրական վտանգն ու խնդիրները, ինչքան էլ դրանք դառը ու դժվար լուծելի թվան։ Սա անհրաժեշտ նախապայման է, որովհետև Բաքուն երբեք չի ճանաչելու ԼՂՀ անկախությունը ու չի համաձայնի Ղարաբաղի ոչ մի այլ կարգավիճակի հետ, եթե ոչ միայն Ադրբեջանի կազմի մեջ։ Մոտակա ամիսներին, ԼՂՀ հարցը նոր բովանդակություն և ընթացք կստանա՝ ցավոք ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականությամբ։