Վերջին շրջանում բավականաչափ քննարկվեց Վերին Լարսի թեման: Բազմաթիվ խնդիրներ էին առաջացել թե՛ գործարարների, և թե Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար, ովքեր չէին կարողանում հասնել Հայաստան:
Շրջանառվում էր այն թեզը, որ Հայաստանը պետք է գտնի Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհ: Բարեբախտաբար այսօր տեղեկանում ենք, որ մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետո՝ռեժիմը կլինի 24-ժամյա:
Գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է նաև այս հարցը, որի ժամանակ պարզ է դարձել, որ այնուամենայնիվ վտանգը վերջնական վերացված չէ և այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա: Մտադրություններ կան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել: Պարզ է, որ դա մեծ ծախսերի հետ է կապված ու մոտ ապագայում ծրագիրը հնարավոր չէ իրականացնել:
Պետք է հասկանալ, որ ամեն դեպքում վտանգը չեզոքացված չէ: Յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ճանապարհը նորից լինի անանցանելի:
Կառավարության նիստի ժամանակ քննարկվել է նաև գործարարների աշխատանքների կազմակերպման այլընտրանքային տարբերակներ: Առաջարկ է հնչել, որ գործարարները կարող են հաշվի առնել նաև լաստանավից օգտվելու հնարավորությունը:
Կարծում եմ` վաղ թե ուշ գտնվելու է Ռուսաստանից Հայաստան տեղափոխությունների ալտերնատիվ տարբերակներ: Մանավանդ գյուղմթերքի արտահանման սեզոնին նման խնդրի հետ բախվելը մեղմ ասած թանկ է նստում թե՛ պետության, և թե՛ գյուղացու վրա: Հուսանք, որ մոտ ապագայում որևէ խնդիր չի լինի այս առնչությամբ: