![]() |
| Քաղաքական մեկնաբան |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Կարելի է ասել, որ գրեթե նույն կարգավիճակում է նրա կուսակից Ալեքսանդր Արզումանյանը: Փաստացի «Ժառանգություն» խմբակցությունում ներկայումս ընդամենը 3 պատգամավոր կա` Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան և Թևան Պողոսյան (անկուսակցական): Իհարկե, «Ազատ դեմոկրատների» մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս չի եկել, սակայն միակ պատճառը «հետ կանչելու վտանգն է», ինչը Քոքոբելյանի դեպքում չկար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ մեկ տարի էլ չկա «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» բանակցություններից ու մեկ ցուցակով Խորհրդարան գնալու պատմությունից բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Մի կողմից «Ժառանգության» առաջնորդը հայտարարում է, որ նա ընդամենը մեկ անգամ է մասնակցելու նախագահական ընտրությունների, մյուս կողմից նա արդեն մի քանի ամիս է վայր է դրել իր խորհրդարանական մանդատը: Ի՞նչ է լինելու «Ժառանգություն» կուսակցության ճակատագիրը 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, եթե Ր. Հովհաննիսյանն իր նպատակին չհասնի` նախագահ չընտրվի:
Ինչպիսի՞ պայքարի ուղի կընտրի 3 հոգանոց խմբակցությունը Խորհրդարանում, մանավանդ, երբ նույնիսկ կուսակցության ղեկավարը Խորհրդարանում չէ: Եվ վերջապես, ո՞վ է պատասխանատու «Ազատ դեմոկրատների» հետ տապալված բանակցությունների համար, չէ՞ որ խորհրդարանական ընտրապայքարին միայնակ գնալու դեպքում «Ժառանգության» որոշ ակտիվ անդամներ ստիպված դուրս մնացին պայքարից ու ստիպված են կուսակցության դիրքորոշումը պաշտպանել «դրսից»:
Իհարկե «Ժառանգությունը» մշտապես աչքի է ընկել և՛ խորհրդարանական պայքարում, և՛ «փողոցում», սակայն փետրվարից հետո, ցանկացած դեպքում, նույնիսկ եթե Րաֆֆին հաղթանակ տանի նախագահական ընտրություններում (տեսականորեն), «Ժառանգությանը» ծայրահեղ ծանր պայքար է սպասվում: Չմոռանանք, որ 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններով վարչապետի ու ԱԺ-ի դերը բավականին բարձրացվել է, իսկ ՀՀԿ-ն ԱԺ-ում 70 հոգանոց խմբակցություն ունի, գումարած ՕԵԿ-ի 6 ներկայացուցիչները, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ նախագահական ընտրություններում հաջողության դեպքում «Ժառանգությանը» ծանր օրեր են սպասվում:




