Առավոտյան սովորականի նման իջնում էի, որ գնայի աշխատանքի և պատահաբար հանդիպեցի իմ ծանոթներից մեկին, որը զարմացած և խորհրդավոր հայացքով հայտնեց, որ ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ճիշտն ասած մի պահ չհավատացի, և զարմանքս այնքան մեծ էր, որ անմիջապես վերադարձա և սկսեցի «փորփրել» ինտերնետը, որպեսզի հասկանամ, թե ինչ է պատահել… Նշենք, որ 2012 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված Ազգային ժողովի աշխատանքներին Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ է մասնակցում: Հետաքրքրական է նաև հետյալ փաստը, որ նույն ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով նախորդ նստաշրջանի աշխատանքներին չէր մասնակցում: Իհարկե, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի քմահաճույքային տրամադրության…՝ Ստեփան Դեմիրճյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայում ԱԺ-ի նիստերին: Եվ այսպես, ի՞նչը ստիպեց օլիգարխին «իջնել» այդ մակարդակին և ներկայանալ Աժ: Ի՞նչը ստիպեց Ծառուկյանին ակտիվություն ցուցաբերել ԱԺ-ի նիստերի հանդեպ, ի հակադրումն այն խայտառակ պասիվության, որ նա ցուցաբերեց՝ չառաջադրվելով որպես ՀՀ նախագահի թեկնածու ԲՀԿ-ի կողմից: Այդ պահին, չգիտես թե ինչու, հիշեցի մի հոդվածի մասին, որի վերնագիրը հետևյալն էր` «ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲԱՅՐԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ և ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ»: Եվ այսպես` ըստ Լեւոն Սարգսյանի` Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, որովհետեւ հասկացավ, որ չի կարող մրցակցել Սերժ Սարգսյանի հետ: «Ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել: Եթե դուք համոզված լինեք ձեր հաջողության մեջ, հետ կքաշվե՞ք: Իհարկե` ոչ»,- ընդգծում է նա: Համաձայն այս տրամաբանության՝ կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի ինքնավստությունը այնպիսի անկում է ապրում, որ նա նույնիսկ որոշել է դեմ գնալ իր սկզբունքներին և հաճախել ԱԺ:



